Ռուս քննիչները քրգործ են հարուցել Հայաստանի տարածքում Մի-24 ուղղաթիռի խոցման դեպքի առիթով
Ռուսաստանի ռազմական քննիչները քրեական գործ են հարուցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական Մի-24 ուղղաթիռի կործանման առիթով: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում տալով իր աղբյուրին:
«Քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 351-րդ հոդվածով (թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնների խախտում)», - ասել է գործակալության զրուցակիցը:
Նա մանրամասնել է, որ ներկայումս Ռուսաստանի ռազմական քննիչները, Հայաստանից և Ադրբեջանից իրենց գործընկերների հետ միասին, «նախնական քննչական գործողություններ են իրականացնում»: Նրանք զննել են դեպքի վայրը, նշանակել են մի քանի փորձաքննություններ, այդ թվում ՝ թռիչքատեխնիկական:
Աղբյուրը պարզաբանել է, որ «գործի քննության ընթացքում, ամենայն հավանականությամբ, այն կվերաորակվի ավելի լուրջ գործի»: Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 351-րդ հոդվածը նախատեսում է պատիժ` մինչև յոթ տարի ժամկետով ազատազրկման տեսքով:
Քննությունը վարում են Գյումրիի ռուսական բազայի ռազմական քննիչները:
Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Հայաստանում՝ Երասխ բնակավայրի մոտակայքում ընկած ռուսական Մի-24 ուղղաթիռը խոցվել է:
«Նոյեմբերի 9-ին՝ Մոսկվայի ժամանկով 17:30-ի սահմանում, Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմաբազայի ավտոշարասյան ուղեկցությամբ թռչելիս Երասխ բնակավայրի մոտակայքում՝ Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ սահմանի մոտ, ռուսական Մի-24 ուղղաթիռ է խոցվել ցամաքից շարժական զենիթահրթիռային համակարգից միջոցով: Կատարվածի հետևանքով ուղղաթիռը կործանվել է՝ ընկնելով լեռնային տեղանքում»,- ասվում է ՊՀ հաղորդագրության մեջ:
Կարծիքներ