Հազար խոշոր հարկատուների վճարած հարկերը 2018-ի համեմատ կրկնապատկվել են
Օրերս Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների վերաբերյալ տեղեկատվություն, ըստ որի՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուների կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկային եկամուտների ծավալը կազմել է ավելի քան 381 մլրդ 104 մլն դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 54 մլրդ դրամով կամ 16.5%-ով։
Ինչպես գրում է «Արմենպրեսը»՝ հատկանշական է, որ վերջին 6 տարիների ընթացքում 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված հարկային եկամուտները դինամիկ աճ են արձանագրել, այդ թվում՝ 2023թ.-ի առաջին եռամսյակում 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 2.1 անգամ։
2023թ.-ի հունվար-մարտ ժամանակահատվածում 100 խոշոր հարկատուների կողմից նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ պետական բյուջե հավաքագրվել է 12.7 մլրդ դրամով կամ 6.4%-ով ավելի, իսկ 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 101.4 մլրդ դրամով կամ 2.1 անգամ: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում 100 խոշոր հարկատուների կողմից հավաքագրվել է 212.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ, որի մասնաբաժինն ամբողջ 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված հարկային եկամուտների ծավալում կազմել է 55.7%, այսինքն 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի կեսից ավելին գոյանում է առաջին 100-յակի միջոցով:
Դիտարկվող ժամանակահատվածում խոշոր հարկատուների տասնյակի կողմից պետական բյուջե վճարվել է 90.1 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5.7 մլրդ դրամով կամ 6.3%-ով: 1000 խոշոր հարկատուների վճարված հարկերի ծավալում տասնյակի մասնաբաժինը կազմել է 23.6%: 2023թ.-ի հունվար-մարտին 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ խոշոր հարկատուների տասնյակի կողմից վճարված հարկերի ծավալը նվազել է շուրջ 2 անգամ:
2023թ.-ին ցանկը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա»-ն՝ 20.9 մլրդ դրամ ՀՀ դրամ պետական բյուջե վճարված հարկերով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընկերության կողմից վճարվող հարկերն աճել են 4.2%-ով: Երկրորդ խոշոր հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն (ԶՊՄԿ) է, որին հաջորդում է «Գրանդ Տոբակոն»՝ համապատասխանաբար 15.5 և 11.7 մլրդ ՀՀ դրամ պետական բյուջե վճարված հարկերով: Հատկանշական է, որ խոշոր հարկատուների տասնյակում ընդգրկված բոլոր կազմակերպությունների կողմից վճարված հարկային եկամուտների ծավալն ավելացել է, բացառությամբ՝ ԶՊՄԿ-ի:
Հայաստանի պետական բյուջե վճարված ընդհանուր հարկերի ծավալը 2023թ.-ի առաջին եռամսյակում կազմել է 461.4 մլրդ ՀՀ դրամ՝ 2018թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 190.3 մլրդ դրամով կամ 70.2%-ով: Հատկանշական է, որ ընթացիկ տարվա հունվար-մարտին 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված հարկերի տեսակարար կշիռը ընդհանուրի մեջ կազմել է 82.6%՝ 2018թ.-ի 65.5%-ի համեմատ:
Կարծիքներ