Երևանում շտապօգնության բժշկին լինգով հարվածած 49-ամյա տղամարդը բերման է ենթարկվել
Մայիսի 16-ին՝ ժամը 13.23-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Արհեստավորների փողոցի տներից մեկը՝ ծանր հիվանդին բուժօգնություն ցույց տալու, որտեղ նրա հարազատը խփել է բժշկի գլխին:
Ժամը 13.35-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ գանգուղեղային վնասվածք ախտորոշմամբ բուժօգնության է դիմել շտապօգնության բժիշկը:
Նա հայտնել է, որ կանչով մեկնել է Արհեստավորների փողոցի տներից մեկը, որտեղ բուժօգնություն ցուցաբերելիս հիվանդի հարազատը լինգով մի քանի անգամ խփել է իրեն:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է 49-ամյա տղամարդը:
Նա բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ