Անօրինական տնտեսական շրջանառության բոլոր որջերը բացահայտվելու են, չեն կարող օգնել՝ թող չխանգարեն. ԱՀ պետնախարար
«ԱՀ ՆԳՆ ոստիկանության, հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի, ՊԵԿ-ի և պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակիցների կողմից ամենօրյա ռեժիմով իրականացվում են ապրանքների մանրածախ վաճառքի գների վերահսկողական դիտարկումներ, որոնց ընթացքում ի հայտ բերված խախտումների կապակցությամբ հարուցվում են տասնյակ վարչական վարույթներ»:
Այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջոևւմ գրել է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը՝ նշելով, որ բացի մանրածախ վաճառք իրականացնողներից, միջոցներ են ձեռնարկվում նաև գնաճի հանգեցնող առավել խոշոր ձեռնարկատերերին բացահայտելու ուղղությամբ:
Պետնախարարի խոսքով՝ ոստիկանության ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում երեկ հայտնաբերվել է նման հեթական դեպքը, հարուցվել է վարչական վարույթ, հայտնաբերված ապրանքները վերցվել են պետական եկամուտների կոմիտեի տիրապետության տակ:
«Անօրինական տնտեսական շրջանառության բոլոր որջերը բացահայտվելու են, անկախ պետական մարմինների հանդեպ դրանից ծնվող արհեստական ու ուղղորդված դժգոհությունից, անկախ տարբեր շրջանակների կողմից հնչող քննադատություններից:
Անընդունելի եմ համարում պետական մարմինների ծանրագույն աշխատանքը թերագնահատելն ու նսեմացնելը: Հանրությունը պետք է աջակցի պետական մարմիններին, իսկ նրանք, ովքեր ցանկություն չունեն, ավելի լավ է չխանգարեն»,- գրել է նա:
Կարծիքներ