Նիկոլ Փաշինյանը վստահ է՝ եթե պատվաստումը հասցվի պատշաճ մակարդակի, տնտեսական աճի տեմպը կարագանա
Գրեթե տեսանելի է, որ ինչ-որ պահից երկրներն արգելելու են չպատվաստված քաղաքացիների մուտքն իրենց տարածք: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ արդեն օգոստոսից ու սեպտեմբերից նման երկրներ կարող են հայտնվել։
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ պատվաստման գործընթացը կատարվում է երկու ներարկումով ու ներարկումների միջև ժամկետը կարող է տևել 2 ամիս, ուստի եթե մարդ կա, որը պլանավորում է օգոստոսին ինչ-որ տեղ մեկնել, ավելի լավ է, որ այսօրվանից պատվաստվի:
«Հնարավոր է՝ տաքսիների համար այնպիսի նշաններ լինեն, որոնք օրինակ զբոսաշրջիկներին կտեղեկացնեն, որ տվյալ վարորդը պատվաստված է: Նման տարբերանշաններ կարող են թողարկվել նաև մասնավոր ընկերությունների, սրճարանների համար, որպեսզի զբոսաշրջիկն այդ նշանը տեսնելով վստահ լինի, որ տվյալ սրճարանում կամ ռեստորանում աշխատակիցների մեծ մասը պատվաստված է:
Եթե մենք պատվաստումը հասցնենք պատշաճ մակարդակի, համոզված եմ, որ տնտեսական աճի տեմպը կարագանա: Հույս ունեմ, որ մեր բիզնեսի ներկայացուցիչները կխրախուսեն իրենց աշխատողներին, որ ընկերություններում տեղի ունենա պատվաստում: Նաև շրջիկ խմբեր են կազմակերպվում ու կարող են մեծ ձեռնարկությունները պայմանավորվել առողջապահության նախարարության հետ և հենց տեղում պատվաստում իրականացնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Կարծիքներ