26-ամյա աղջիկը ազգականուհու տնից 8200 դոլար էր գողացել. Էրեբունու ոստիկանների բացահայտումը
Մայիսի լույս 28-ի գիշերը մի կին զանգել էր ոստիկանություն ու հայտնել, որ սկեսրոջ տնից 8 հազար 200 դոլար են գողացել։ Դեպքի վայրը Սարի թաղում էր։ Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգը փոխանցվեց ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից օպերատիվ խումբ մեկնեց։ Նախ ուսումնասիրվեց բնակարանը. պատուհաններն ու դուռը վնասված չէին, 62-ամյա կինն էլ տնից չէր բացակայել։ Բնակարան ապօրինի մուտք գործելու վարկածը հերքվեց։ Էրեբունու քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների արդյունքում որոշ հանգամանքներ պարզեցին ու ահազանգից երկու ժամ չանցած՝ բաժին բերման ենթարկեցին տուժողի ազգականուհուն։ Տվյալները հավաստի էին. 26-ամյա աղջիկը ոչ միայն խոստովանական բացատրություն տվեց, այլև ներկայացրեց գողացած փողը։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Կարծիքներ