Բայդենը կարող է դառնալ ԱՄՆ առաջին նախագահը, ով կայցելի Նագասակի

Բայդենը կարող է դառնալ ԱՄՆ առաջին նախագահը, ով կայցելի Նագասակի

Ճապոնիայի և ԱՄՆ-ի կառավարությունները քննարկում են Նագասակի քաղաք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցի կազմակերպման հնարավորությունը։ Դա կարող է տեղի ունենալ 2023 թ․-ին, երբ Սպիտակ տան ղեկավարն այցելի Հիրոսիմայում կայանալիք Մեծ յոթնյակի գագաթնաժողովին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Kyodo գործակալությանը։

Եթե դա տեղի ունենա, ապա Բայդենը կդառնա Միացյալ Նահանգների  առաջին գործող ղեկավարը, ով կայցելի Նագասակի, որը 1945 թ.-ին ատոմային ռմբակոծության էր ենթարկվել ԱՄՆ-ի կողմից։ Նագասակի Բայդենի հնարավոր ուղևորության ժամանակ նրան կուղեկցի Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։

Կողմերն այժմ բանակցություններ են վարում այս ուղևորության շուրջ. վերջնական որոշումը կկայացվի այն բանից հետո, երբ որոշվի՝ արդյոք տեղի իշխանությունները պատրաստ են ընդունել ԱՄՆ-ի բարձրաստիճան պատվիրակությանը։ Բացի այդ, հաշվի կառնվի տեղի բնակչության կարծիքը։

Մեծ յոթնյակի գագաթնաժողովը Հիրոսիմայում տեղի կունենա հաջորդ տարվա մայիսի 19-21-ը։

2016 թվականին, երբ Ճապոնիայում անցկացվում էր G7-ի գագաթնաժողով, Բարաք Օբաման դարձավ ԱՄՆ առաջին գործող նախագահը, ով պատմական այց կատարեց Հիրոսիմա։ Այնտեղ նա հանդիպեց միջուկային հարվածը վերապրածների ներկայացուցիչների հետ և այցելեց Խաղաղության թանգարան։

Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունները իրականացվել են ԱՄՆ զինված ուժերի կողմից Երկրորդ աշխարհամարտի վերջին օրերին։ Դրանց պաշտոնական նպատակ էր հայտարարվել ճապոնական կայսրության կապիտուլյացիայի արագացումը։ Այդ գրոհները դարձան մարդկության պատմության մեջ միջուկային զենքի մարտական կիրառման միակ օրինակը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում