Պտուղ-բանջարեղեն մթերող ընկերությունների հետ քննարկվել են ընթացիկ տարվա մթերումների կազմակերպմանն առնչվող հարցեր
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մայիսի 3-ին հանդիպում են ունեցել պտուղ-բանջարեղենի և խաղողի մեծածավալ մթերումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպման նպատակն էր քննարկել ընթացիկ տարվա մթերումների կազմակերպմանն առնչվող հարցեր, մասնավորապես, ապրիլի 15-ին Կառավարության կողմից ընդունված որոշման համատեքստում, որով կատարվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» 2019 թ․ փետրվարի 28-ի որոշման մեջ։
Քննարկման առարկա դարձան որոշման առանձին դրույթները, որոնց համաձայն՝ խաղողի մթերումների համար տրամադրվող վարկի չափի հաշվարկում ներառվելու են միայն հումքի գնման այն պայմանագրերը, որոնք կկնքվեն մինչև տվյալ տարվա հուլիսի 1-ը, իսկ պտուղ-բանջարեղենի մթերումների համար՝ մինչև հունիսի 1-ը։
Ընկերությունների ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել ժամկետների սղության վերաբերյալ, ինչպես նաև նշված ժամանակահատվածում նախորդ տարվա պատրաստի արտադրանքի իրացման ընթացքով պայմանավորված մթերումների կողմնորոշիչ ծավալները պլանավորելու դժվարության առումով։
Նշվել է նաև, որ, ինչպես ցույց է տվել նախորդ տարիների փորձը, այդ ժամկետներում գյուղացիները ակտիվ չեն արձագանքում պայմանագրերի կնքման գործընթացին, հատկապես պտղի մթերման մասով։ Այդ իսկ պատճառով կարող են անհրաժեշտ քանակով պայմանագրեր չկնքվել։
Ներկայացվել է, որ կնքված պայմանագրերի շրջանակներում կարող են խնդիրներ առաջանալ համապատասխան քանակությամբ բերքի մատակարարման հարցում՝ եղանակային պայմաններով և բազմաթիվ այլ գործոններով պայմանավորված, ինչը ռիսկեր է պարունակում թե՛ գյուղացիների և թե՛ մթերող կազմակերպությունների համար։
Խոսվել է նաև այն դեպքերի մասին, երբ պտղի կամ բանջարեղենի առանձին տեսակների համար կարող են առաջանալ հավելյալ ծավալներով մթերման առաջարկներ, և այդ դեպքում դրանք մթերելու համար վարկային միջոցներից օգտվելը կդառնա խնդրահարույց։
Առաջարկ է եղել նշված խնդիրների առկայության դեպքում օպերատիվ վերանայել Կառավարության որոշումը՝ մթերման խնդիրները լուծելու նպատակով։ Նախարար Վահան Քերոբյանը, լսելով ներկաների կարծիքները և փաստարկները, ասել է, որ, չնայած ներկայացված հնարավոր խնդիրներին, այնուամենայնիվ պետք է ձգտել գյուղացիական տնտեսությունների հետ աշխատել ավելի պլանավորված և համակարգված, որպեսզի վերջիններս իմանան, թե ինչ և որքան աճեցնել։
«Սա առաջին քայլն է, որ գնանք այդ ճանապարհով։ Գյուղացիներին պետք է իրազեկել և սկսել պայմանագրեր կնքելու գործընթացը։ Պետք է զարգանալ, փոփոխություններ անել և առաջ գնալ»,- ամփոփելով քննարկումը՝ նշել է Վահան Քերոբյանը և հավելել, որ այս ճանապարհին կարող են լինել նաև անհաջողություններ և դժվարություններ, սակայն հետագայում ավելի պլանավորված և համակարգված կկազմակերպվեն աշխատանքները։
Նա մեկ անգամ ևս հորդորել է ակտիվ աշխատել գյուղացիական տնտեսությունների հետ, իրազեկել գյուղացիներին Կառավարության որոշման մասին, որպեսզի գործընթացն արդյունավետ ընթացք ստանա։
Էկոնոմիկայի նախարարը նաև վստահեցրել է քննարկման մասնակիցներին, որ Կառավարությունը, ի դեմս էկոնոմիկայի նախարարության, չնախատեսված դժվարությունների դեպքում միջոցներ կձեռնարկի՝ օգնելու գործարարներին դրանք հաղթահարելու համար։
Կարծիքներ