Գյումրու Սավոյան փողոցում ձերբակալված տղամարդու մոտ թմրանյութերի փաթեթներ են հայտնաբերվել
Մայիսի 2-ի գիշերը Գյումրիում ծառայություն իրականացնող Շիրակի մարզի պարեկները կեսգիշերից քիչ անց, թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, Սավոյան փողոցում ձերբակալել են նույն փողոցի 31-ամյա մի բնակչի և, իր վարած մեքենայով հանդերձ, տեղափոխել ոստիկանության Մուշի բաժին:
Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է երկու փաթեթ, որոնցից մեկը` սպիտակ, փոշենման զանգվածով, մյուսը` «Սպա» գրառմամբ 12 հաբով: Ըստ երիտասարդի` դրանք գտել էր իրենց փողոցի մոտակայքում: Նա նաև մեքենայից ինքնակամ ներկայացրել է երկու թղթե փաթեթ` դեղնականաչավուն զանգվածով, որոնց վերաբերյալ հայտնեց, որ մարիխուանա են, պահել է անձամբ օգտագործելու համար:
Երիտասարդը մեքենայից ներկայացրել է նաև տոպրակ, որը, իր ասելով, գտել էր 2-3 օր առաջ՝ դարձյալ իրենց թաղում: Տոպրակում եղել է կպչուն ժապավենի 12 փաթեթ՝ յուրաքանչյուրը լցված մեկ գրամ դեղնականաչավուն զանգվածով:
Իրավապահները երիտասարդին հորդորել են այլևս ոչինչ չփնտրել ու չգտնել, և նրան ու կազմված փաստաթղթերը ներկայացրել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
Նույն օրը, գիշերվա ժամը երկուսին մոտ, Գյումրիի Վազգեն Սարգսյան փողոցում Շիրակի պարեկները նույն կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Մուշի բաժին են տեղափոխել 35-ամյա գյումրեցի մի տղամարդու:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ: Նա հայտնել է, որ փաթեթում խիմկա տեսակի թմրանյութ է, պատրաստել է իր օգտագործման համար:
Այս դեպքով նույնպես կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:
Կարծիքներ