Էրդողանը և Թաթարը հայտարարել են Վարոշայի վերաբացման պլանների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության ղեկավար Էրսին Թաթարը հայտարարել են Թուրքիայի կողմից օկուպացված Կիպրոսի Ֆամագուստա քաղաքի մի մասի (Վարոշայի) վերաբացման ծրագրերի մասին: Այս մասին հայտնում է Ahval-ը:
Թաթարը նշել է, թե իշխանությունները նախատեսում են վերացնել ռազմական կարգավիճակը տարածքի մի մասի համար ՝ հավելելով, որ քաղաքի 3.5 տոկոսը կստանա քաղաքացիական կարգավիճակ:
Թուրքիայի նախագահը կրկնել է իր կոչը՝ Կիպրոսում երկու պետության ստեղծելու մասին: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը այս ամսվա սկզբին ասել էր, որ 27 անդամ երկրները երբեք և երբեք չեն ընդունի նման կարգավորումը:
Ավելի վաղ Թուրքիայի՝ Վարոշայի վերաբացման այս մտադրությունն արժանացել էր նաև ԱՄՆ սենատորների դժգոհությանը: Մի խումբ սենատորներ նամակ էին հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Կիպրոսի հարցով ճնշում գործադրել և պատժամիջոցներ սահմանի Թուրքիայի վրա, տապալել Անկարայի անօրինական ծրագրերը:
Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Հանրապետության օկուպացման տակ գտնվող ցանկապատված Վարոշան փակվել էր Կիպրոսի թուրքական օկուպացիայից հետո։
1974 թվականի հուլիսի 20-ին Թուրքիան ներխուժել է Կիպրոս՝ օկուպացնելով կղզու հյուսիսային հատվածը: Թուրքական ուժերը Հյուսիսային Կիպրոսից տարհանել են հարյուր հազարավոր հույների և այն բնակեցրել թուրքերով, իսկ արդեն 1983 թվականին այստեղ հռչակել են այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը», որ ճանաչված չէ միջազգային հանրության կողմից: Այն ճանաչում է միայն Թուրքիան:
Կարծիքներ