Ուկրաինան և ԱՄՆ-ն անվտանգության 10-ամյա համաձայնագիր են ստորագրել
Ուկրաինայի և Միացյալ Նահանգների նախագահներ Վոլոդիմիր Զելենսկին և Ջո Բայդենն անվտանգության համաձայնագիր են ստորագրել, որը նախատեսված է 10 տարով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Համաձայնագրի նպատակն է ուժեղացնել Ուկրաինայի պաշտպանությունը։ Համաձայնագիրը, որն ստորագրվել է Իտալիայում G7-ի գագաթնաժողովի շրջանակներում, պետք է քայլ լինի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի վերջնական անդամակցության ուղղությամբ, ասվում է գործարքի տեքստում:
«Կողմերը ճանաչում են այս համաձայնագիրը որպես ՆԱՏՕ-ի դաշինքին Ուկրաինայի վերջնական անդամակցության կամուրջ»,- գրում է աղբյուրը։
Ուկրաինայի դեմ զինված հարձակման կամ նման սպառնալիքի դեպքում ԱՄՆ-ի և Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաները կհանդիպեն 24 ժամվա ընթացքում՝ քննարկելու և որոշելու, թե Ուկրաինային լրացուցիչ ի՞նչ պաշտպանության կարիքներ են անհրաժեշտ, ասվում է համաձայնագրում։
Ըստ համաձայնագրի՝ Միացյալ Նահանգները վերահաստատում է իր աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը։
«Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու համար երկու կողմերն էլ գիտակցում են, որ Ուկրաինային անհրաժեշտ է զգալի ռազմական ուժ, հզոր հնարավորություններ և կայուն ներդրումներ իր պաշտպանական արդյունաբերական բազայում, որոնք համապատասխանում են Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության (ՆԱՏՕ) չափանիշներին»,- ասվում է տեքստում։
Ըստ աղբյուրի՝ Միացյալ Նահանգները մտադիր է երկարաժամկետ աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի անվտանգության և պաշտպանական ուժերի զարգացման համար, որոնք ի վիճակի են պաշտպանել ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական Ուկրաինան և զսպել ապագա ագրեսիան։
Կարծիքներ