Պատվաստանյութերի պահպանման համար նախատեսված սառցարաններ` Հայաստանին
Եվրոպական միության (ԵՄ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից Հայաստանին է տրամադրվել COVID-19 պատվաստանյութերի պահպանման համար նախատեսված 30 սառցարան, որոնք ապահովում են կայուն ջերմաստիճան, ինչի արդյունքում` պատվաստանյութը չի փչանում: Այս մասին հայտնել են ՀՀ Առողջապահության նախարարությունից։
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Յան Պլեշինգերը և ԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոն ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային» կենտրոնում ընդունել են սարքավորումներն ու քննարկել առաջիկա գնումների ու տեխնիկական աջակցության հարցերը։
«Թեև վերջին տարիների ընթացքում տարբեր կազմակերպությունների աջակցությամբ վերազինվել են առաջնային պահպանման օղակի բուժհաստատությունները, բայց նվիրաբերված սառցարանների շնորհիվ հնարավոր կլինի էլ ավելի արդյունավետ կազմակերպել ներկայիս ծանրաբեռնված պատվաստումային գործընթացը»,- նշել է Լենա Նանուշյանը` հավելելով, որ ԵՄ-ն և ԱՀԿ-ն մշտապես Հայաստանի կառավարության կողքին են՝ համաճարակը հաղթահարելու ջանքերում:
Կարծիքներ