Նորագյուղ թաղամասը՝ Երևանի նոր կենտրոն
Երևանում նախատեսվող քաղաքաշինական խոշոր ծրագրերի շարքում համայնքը դիտարկում է նաև Նորագյուղ թաղամասի վերակառուցման նախագիծը: Այն ոչ միայն հնարավորություն կտա Երևանի պատմական թաղամասում համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը, այլև լուծումներ կտա տասնամյակներ շարունակ կուտակված խնդիրներին: Նախագծի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետների հանդիպման ժամանակ, ովքեր խոշոր նախագծեր են իրականացրել բազմաթիվ երկրներում:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ քաղաքապետ Ավինյանն ընդգծել է, որ քաղաքաշինական մասշտաբային ծրագրերի իրականացման ընթացքում հաշվի են առնվում այն տարածքները, որտեղ կա մեծ ներուժ՝ նոր միջավայր ձևավորելու և կուտակված խնդիրներին լուծում տալու համար:
«Նորագյուղ թաղամասի Downtown ծրագրով մենք նպատակ ունենք բեռնաթափել քաղաքի փոքր կենտրոնն ու ձևավորել նոր դիմագիծ՝ ժամանակակից Երևանի համար»,- նշել է քաղաքապետը:
Կարևորելով նմանատիպ նախագծերի իրականացումը՝ ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտը նշել է, որ տպավորված է թաղամասի աշխարհագրական դիրքով ու առանձնացված իր կոլորիտով։
«Ես երջանիկ եմ, որ կարողացա բացահայտել Երևանը, տեսնել Արարատն ու մասնակցություն ունենալ նման նախագծի մշակման աշխատանքներին: Պարոն քաղաքապետ, շատ հավանեցի Ձեր գաղափարը, այն իրականում կարող է դառնալ բանուկ, աշխույժ ու հարմարավետ թաղամաս, որը նաև կից է կենտրոնին: Այս նախագծի մեջ մենք տեսնում ենք քաղաքաշինական պուրակ՝ Երևանի գողտրիկ կենտրոնում»,- նշել է Ժան-Միշել Վիլմոտը:
Ֆրանսիացի ճարտարապետներն այս օրերին կշարունակեն ուսումնասիրել թաղամասի խնդիրները, զարգացման հեռանկարներն ու ներկայացնել հայեցակարգային առաջարկներ:
Կարծիքներ