Բաքվի առաջարկներն ընդունելի են, բայց ամբողջապես չեն հասցեագրում խաղաղության հնարավոր օրակարգը. Արարատ Միրզոյան
Մարտի 10-ին Երևանին փոխանցված ադրբեջանական առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա, այլ բան, որ այդ հարցերը, այդ առաջարկները ամբողջապես չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության հնարավոր օրակարգը, և մեր պատասխանները եկել են ամբողջացնելու այդ օրակարգը:
Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Առանցքային և սկզբունքային ենք համարում Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու ԼՂ կարգավիճակի հարցի հասցեագրումը, ահա այս ամբողջական հենքի վրա պատրաստ ենք սկսել բանակցություններ և հենց այս առաջարկով էլ դիմել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը` կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ` ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա», - նշել է Միրզոյանը՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ բանակցությունները դեռ չեն սկսվել:
«Մենք որևէ հակասություն չենք դնում տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի միջև, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը, մեր խորին համոզմամբ, որևէ կերպ չի վերաբերում Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներին, կարգավիճակին և այլն»,- ասել է Միրզոյանը:
Կարծիքներ