Հնդկաստանը հոկտեմբերի 15-ից բաց կլինի զբոսաշրջիկների համար
Հնդկաստանը բաց կլինի զբոսաշրջիկների համար հոկտեմբերի 15-ից՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով ավելի քան մեկ տարի փակ լինելուց հետո, հայտնել է AFP-ն:
Երկիրը դադարեցրել է օտարերկրացիներին վիզաների տրամադրումը 2020 թվականի մարտին, երբ բռնկվեց համավարակը, եւ վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարությունը խիստ սահմանափակումներ մտցրեց:
«Տարբեր առաջարկներ դիտարկելուց հետո, ներքին գործերի նախարարությունը որոշել է 2021 թվականի հոկտեմբերի 15-ից սկսել չարտերային չվերթներով Հնդկաստան ժամանող օտարերկրացիների համար նոր զբոսաշրջային վիզաների տրամադրումը», - ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ: «Չարտերային ինքնաթիռներից բացի այլ չվերթներով Հնդկաստան ժամանող օտարերկրյա զբոսաշրջիկները կկարողանան նոր տուրիստական վիզաներով երկիր մուտք գործել միայն 2021 թվականի նոյեմբերի 15-ից»:
Այս տարվա սկզբին 1.3 միլիարդ բնակչություն ունեցող երկիրը տուժեց կորոնավիրուսային վարակների ալիքից՝ օրական գրանցելով վարակվածության 400.000 եւ մահացության 4.000 դեպք:
Այդ ժամանակից ի վեր՝ երկրում վարակվածների թիվը նվազել է մինչեւ օրական մոտ 20.000 նոր դեպք եւ 200-300 մահվան դեպք վերջին շաբաթների ընթացքում:
Ավելի քան 250 միլիոն մարդ կրկնակի պատվաստվել է, չնայած դա բնակչության միայն մոտ 20 տոկոսն է, եւ փորձագետները զգուշացնում են, որ Հնդկաստանը կարող է տուժել վարակների նոր ալիքից:
Կարծիքներ