ԵՊԲՀ ռեկտորը շնորհակալագիր է հանձնել կանչի մեկնելիս վթարի ենթարկված ռեանիմոբիլի բժշկին
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհակալագիր է հանձնել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի բժիշկ Մերի Խաչատրյանին։
Այս մասին տեղեկացրին ԵՊԲՀ-ից։
Ըստ աղբյուրի՝ հունվարի 28-ին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ռեանիմոբիլը կանչի գնալու ճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում վթարի էր ենթարկվել։ Բժիշկ Խաչատրյանը, չնայած տեղի ունեցածին, շտապօգնության մեքենայով հասնում է Հրազդանի բժշկական կենտրոն, անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերում այն նորածնին, որի համար կատարվել էր կանչը և համալսարանական հիվանդանոցի արդեն երկրորդ ռեանիմոբիլով երեխային տեղափոխում է համապատասխան բժշկական հաստատություն:
«Ձեր արարքով ընդգծել եք բժշկության մասին պատկերացումները, այն, թե բժիշկ լինելու դեպքում ինչպես է պետք ապրել». այս խոսքերով է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նվիրված և անձնվեր աշխատանքի համար շնորհակալագրի արժանացրել և կատարած մասնագիտական սխրանքի համար երախտիքի խոսքեր հղել Մերի Խաչատրյանին:
«Կարծում եմ, որ յուրաքանչյուրն իմ տեղում այդպես կվարվեր»,- ասել է Մերի Խաչատրյանը` Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանի, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Հռիփսիմե Ապրեսյանի մասնակցությամբ հրավիրված հանդիպմանը:
Արմեն Մուրադյանն ընդգծել է, որ մասնագիտական սխրանքների նման օրինակները ընդգծում են առողջապահական համակարգի կարևոր բաղկացուցիչը` նվիրումը. «Ձեզ սպասող, Ձեր օգնության կարիքն ունեցող փոքրիկի առողջությունը Դուք առավել բարձր եք դասել, և սա ուսուցողական է, ինչպես ապագա բժիշկների, այնպես էլ կոլեգաների համար»:
ԵՊԲՀ-ից հայտնում են, որ վթարի հետևանքով «Հերացի» հիվանդանոց տեղափոխված բուժքրոջ և վարորդի վիճակը համալսարանական մասնագետների, բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում է:
Կարծիքներ