Հայաստանի և Իրաքի միջև կան շատ ամուր կապեր․ Աբդուլ Լատիֆ Ռաշիդ
Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը պատմական է համարում իր այցը Հայաստան։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Իրաքի նախագահն այս մասին ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում։ «Սա Իրաքի նախագահի կողմից կատարվող առաջին այցն է Հայաստան, այդ իսկ պատճառով ես այս այցը համարում եմ պատմական այց։ Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանին հյուրընկալության և ջերմ ընդունելության համար»,- ասաց նա։
Իրաքի նախագահը նշեց, որ Հայաստանի և Իրաքի միջև կան շատ ամուր կապեր՝ աշխարհագրական, մշակութային, հասարակական։ «Մենք հպարտանում ենք Իրաքի հայկական համայնքով։ Նրանց համակեցությունը Իրաքի ժողովրդի հետ դեռ վաղեմի ժամանակներից է գալիս»,- նշեց Ռաշիդը։
Նրա խոսքով՝ իր այցը Հայաստան միտված է երկու երկրների միջև մշակութային, քաղաքական, տնտեսական, զբոսաշրջային ոլորտներում առկա համագործակցությունն ամրապնդելուն։
Իրաքի նախագահը նշեց, որ երկրի բոլոր պետական հաստատությունները իրենց բոլոր աշխատանքները հասցեագրում են ծառայությունների ոլորտը բարեփոխելու ուղղությամբ և այդ հարցում ունեն միջազգային հանրության և Հայաստանի նման բարեկամ երկրների աջակցության կարիքը։
Իրաքի նախագահի խոսքով՝ Հայաստանի հետ համագործակցության լայն դա՛տ ունեն առևտրի ոլորտում։
Աբդուլ Լատիֆ Ռաշիդը նաև կարևորել է, որ Հայաստանի ու Իրաքի միջև օդային հաղորդակցություն հաստատվի, ինչը կնպաստի փոխայցերի ավելացմանը։
Կարծիքներ