Թուրքիայում տագնապի ամենաբարձր աստիճանն է հայտարարվել
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 76-ի, կա 440 տուժած: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Երկրաշարժը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան, տեղական ժամանակով ժամը 04:17-ին: Երկրաշարժից հետո մինչև տեղական ժամանակով ժամը 06:30-ը 42 հետցնցում է գրանցվել: Ամենահզոր հետցնցումը եղել է 6.6 մագնիտուդ: Հետցնցումներից 6-ը եղել են 6 մագնիտուդից բարձր հզորության:
Թուրքիայի տարբեր քաղաքներում երկրաշարժի հետևանքով 100-ից ավելի շենք է ավերվել:
Երկրում տագնապի ամենաբարձր աստիճանն է հայտարարված:
Ցնցումները զգացվել են մոտակա նահանգներում, մասնավորապես՝ Հաթայ, Օսմանիյե, Ադիըաման, Գազիանթեփ, Շանլըուրֆա, Դիարբեքիր, Մալաթիա, Ադանա նահանգներում:
Թուրքիայի իշխանությունները դիմել են միջազգային օգնության:
Երկրի գլխավոր շտաբը աղետի վայր է ուղարկել երկու ինքնաթիռ՝ փրկարարների տեղափոխման համար:
Նշվում է, որ երկրաշարժն ամենաուժգինն է եղել վերջին շուրջ 100 տարիների ընթացքում։ Ցնցումների հետևանքով Թուրքիայի տարածքում հարյուրավոր շենքեր են փլուզվել։
Ստորգետնյա ցնցումներն այնքան հզոր են եղել, որ դրանք զգացվել են նույնիսկ Կահիրեում:
Սիրիական SANA պետական գործակալությունն էլ իր հերթին հաղորդում է, որ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադը նախարարների կաբինետի արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու երկրաշարժի պատճառած վնասները և հետագա անելիքները:
Երկրաշարժի հետևանքով մոտ 100 մարդ է մահացել, ավելի քան 330 մարդ է տուժել Սիրիայի արվարձաններում:
Կարծիքներ