Գեորգի Ախալկացին մայիսից կստանձնի ՎԶԵԲ երևանյան գրասենյակի նոր ղեկավարի պաշտոնը
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ մարտի 17-ին, հանդիպել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երեւանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեի գլխավորած պատվիրակության հետ:
Այս մասին տեղեկացնում է նախարարության կայքը:
Գվինդաձեն նախարարին է ներկայացրել ՎԶԵԲ ավագ բանկիր Գեորգի Ախալկացիին, ով այս տարվա մայիսից կստանձնի ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի նոր ղեկավարի պաշտոնը:
Շնորհակալություն հայտնելով աշխատանքային արդյունավետ համագործակցության համար՝ նախարարը նշել է, որ ՎԶԵԲ-ի հետ աշխատանքային քննարկումները մշտապես բարձր մակարդակի վրա են, եւ առկա են անհրաժեշտ բոլոր նախադրյալները՝ առաջ մղելու եւ արդյունավետ իրականացնելու համատեղ ծրագրերն ու գաղափարները: Նախարարի խոսքով ներկայում ՀՀ տնտեսական շահի պաշտպանությունն առաջնահերթություն է Հայաստանի համար, հատկապես տարածաշրջանային վերջին զարգացումների համատեքստում:
Պարոն Գվինդաձեն իր հերթին շնորհակալություն է հայտնել Տիգրան Խաչատրյանին ՀՀ ֆինանսների նախարարության հետ ունեցած արդյունավետ համագործակցության, իրականացրած ու հաջողած բազմաթիվ ծրագրերի համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ կանաչ տնտեսությանը, ջրային ենթակառուցվածքներին, քաղաքային միջավայրի զարգացմանն ու տրանսպորտային ցանցի բարելավմանն առնչվող թեմաներին:
Կարծիքներ