ՆԳՆ-ում քննարկվել են ազատությունից զրկված անձանց ուղեկցման և պահպանության խնդիրներին վերաբերող հարցեր
Մարտի 7-ին Ներքին գործերի նախարարությունում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են Արդարադատության նախարարության, Քննչական կոմիտեի, Դատական դեպարտամենտի և ՆԳՆ ոստիկանության պատասխանատու ծառայությունների ներկայացուցիչներ։
Այս մասին հայտնում են նախարարությունից:
«Հիմքում ունենալով ՀՀ վարչապետի հանձնարարականը, ոլորտային բարեփոխումների շրջանակներում պետական տարբեր կառույցներում գործառույթների հստակեցման, կրկնությունների բացառման կարևորությունն ու ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության երաշխավորումը՝ քննարկման նպատակն էր միասնական և փոխհամաձայնեցված դիրքորոշում ձևավորել՝ ձերբակալված, կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեկցման, պահպանման, այդ թվում՝ ուղեկցման դեպքում սննդի և հիգիենայի ապահովման գործընթացում ներգրավված պետական տարբեր մարմինների գործառույթների հստակեցման և տարանջատման վերաբերյալ։
Մասնակիցները համակարծիք էին, որ ուղեկցման և պահպանության ոլորտում գործառույթների ներկայիս ոչ հասցեական բաշխվածությունը և օրենսդրական առկա լուծումներից չբխող պրակտիկան ՆԳՆ ոստիկանության համար առաջացնում է լրացուցիչ ծանրաբեռնվածություն և չի բխում ՀՀ կառավարության որդեգրած ոլորտային գործառույթների որոշակիացման մոտեցումից։
Հանդիպմանը նախորդած աշխատանքային քննարկումների և հանդիպման ընթացքում հնչած տեսակետների համադրմամբ, որպես ամփոփում, ընդունելի մոտեցում է ձևավորվել առ այն, որ՝
ձերբակալված, կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեկցման ու պահպանման գործընթացում, որպես պետական մարմինների գործառույթների սահմանազատման սկզբունք, պետք է հիմք ընդունվի այն հանգամանքը, թե նշված անձինք, որ մարմնի շահառու են հանդիսանում տվյալ փուլում։ Ըստ այդմ, ձևավորվել է մոտեցում, որ վերջնարդյունքում ձերբակալվածների ուղեկցումը պետք է իրականացվի ՆԳՆ ոստիկանության, կալանավորված և դատապարտյալների ուղեկցումը՝ Քրեակատարողական ծառայության կողմից։
Նշված ծառայությունների կողմից դատարան ներկայացված ձերբակալված, կալանավորված անձանց և դատապարտյալների պահպանությունը, այդ պահից մինչև վերջիններիս դատարանում գտնվելու անհրաժեշտության վերացումը, պետք է իրականացվի Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության կողմից։
Դատարանում պահպանության տակ գտնվելու ընթացքում պետք է երաշխավորվի անձի սնվելու և այլ վերաբերելի իրավունքները։
Պետք է մշակվեն դատարանում առկա խցերի տիպային մոդելն ու չափանիշները՝ առկա և նոր դատարանների համար հնարավոր լուծումներով, ու դրանցում ազատությունից զրկված անձանց պահելու իրավական ռեժիմները։
Քննարկման ընթացքում օրակարգային հարցի համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ յուրաքանչյուր պետական մարմին սեղմ ժամկետում կգույքագրի նշված սխեմայի իրականացման համար կազմակերպական, իրավական, հաստիքային, կադրային վերապատրաստման և այլ հնարավոր կարիքները, որոնց հիման վրա կկազմվի գործընթացի կենսագործման հստակ ծրագիր և կներկայացվի Կառավարություն։ Ըստ մշակման ենթակա ժամանակացույցի՝ կհստակեցվեն նաև հնարավոր միջանկյալ ժամանակամիջոցում լուծումները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ