Սևանա լիճ է բաց թողնվել 231 հազար 732 հատ գեղարքունի իշխանի մանրաձուկ. Սիմիդյանն ամփոփել է 2023-ի գործունեությունը

Սևանա լիճ է բաց թողնվել 231 հազար 732 հատ գեղարքունի իշխանի մանրաձուկ. Սիմիդյանն ամփոփել է 2023-ի գործունեությունը

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի ընթացքում ամփոփել է նախարարության 2023 թվականի գործունեությունը, գրանցած արդյունքնեը և իրականացված բարեփոխումները, նախարարը պատասխանել է լրատվամիջոցների հարցերին։

Այս մասին հայտնում են նախարարությունից:

Նախքան հարցուպատասխանը նախարարն հանդես է եկել հակիրճ զեկույցով, որի ընթացքում անդրադարձել է՝ նորաստեղծ էկոպարեկային ծառայությանը, որի շրջանակում պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության 24/7 ռեժիմով պահպանություն կիրականացվի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» նոր օրենքին:

Ըստ նախարարի, Ջրային օրենսգրքի փոփոխությունների և հարակից իրավական ակտերի ընդունմամբ սահմանվել է «հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող փակ շրջանառու համակարգ» հասկացությունը, սահմանվել է վերջինիս ներդրման կարգը:

Կառավարության որոշմամբ սահմանվել է վարչական պատասխանատվություն՝ ձկնաբուծարանների կողմից առանց փակ շրջանառու համակարգի հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերից ջրօգտագործում իրականացնելու համար՝ քաղաքացիների նկատմամբ 800 հազարից մինչև 1 մլն դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 2-3 մլն դրամի չափով, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվությամբ ամրագրված ջրառի և էկոլոգիական թողքի կետերում ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր չտեղադրելու համար՝ քաղաքացիների նկատմամբ 500 հազարից մինչև 800 հազարի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 1-1.5 մլն դրամի չափով:

Կանոնակարգվել են ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի ձևավորման, օգտագործման, հատկացումների հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները։ Ֆինանսական երաշխիքային գումարների կառավարման միջոցով կապահովվի Արարատյան դաշտի արտեզյան ջրավազանի վիճակի վերականգնմանը, չշահագործվող հորատանցքերի լուծարման, կոնսերվացման գործընթացների պատշաճ իրականացում:

Հստակեցվել է ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացը՝ առավել մատչելի դարձնելով քաղաքացիների համար:

Կարևոր փոփոխություն է ստորերկրյա ջրային ռեսուրսների դեպքում անձնագրի ժամկետի հստակ ֆիքսումը նախկին անժամկետի փոխարեն:

Կառավարության կողմից հավանության է արժանացել օրինագծի փաթեթ, որով նախատեսվում են մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործման դեպքերի համար տարբերակված վարչական տույժեր, ինչպես նաև քրեական պատասխանատվություն առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրօգտագործում իրականացնելու համար՝ եթե դա հանգեցրել է խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնասի:

2024 թվականից սահմանվել է տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ «ջրաչափիչ» սարքերի պարտադիր պահանջ բոլոր ջրօգտագործողների համար, գործող 1700 ջրօգտագործման թույլտվություններով առկա է շուրջ 5000 ջրառի կետ: Մինչ օրս տեղադրվել է 577-ը, որից 250-ը` 2023 թվականի ընթացքում: Իրականացվել են Արարատյան դաշտի խորքային հորերի հետագա կարգավիճակը որոշելու և ապօրինի ջրօգտագործումը կանխելու նպատակով ուսումնասիրության և տեղորոշման աշխատանքներ, Արմավիրի մարզում գույքագրված խորքային հորերի թիվը 1353 է, իսկ Արարատի մարզում 1034:

Նախարարն անդրադարձել է Սևանա լճի էկոհամակարգին՝ նշելով, որ Սևանա լիճ է բաց թողնվել 231 հազար 732 հատ գեղարքունի իշխանի մանրաձուկ:

Կառավարության կողմից հավանության է արժանացել սիգի ապօրինի որսի և վաճառքի վարչական և քրեական պատասխանատվությունը խստացնող օրինագիծը, երակարաձգվել է սիգի ձկնկիթի արտահանման արգելքը:

«Սևան» ԱՊ»-ի ՊՈԱԿ-ի իրավախատումների հայտնաբերման միջոցառումների արդյունքում լճից դուրս է բերվել 919 խեցգետնորսիչ և լիճ է վերադարձվել 638 կենդանի խեցգետին:

«EU4Sevan» ծրագրով 560,000 եվրո գումարի շրջանակներում մեկնարկել է Գավառ քաղաքի կոյուղաջրերի մեխանիկական մաքրման կայանի արդիականացման ծրագիրը, նախատեսվում է իրականացնել ավելի խորը մեխանիկական մաքրում։

«Սևան» ԱՊ» ՊՈԱԿ-ի տեխնիկական միջոցներով իրականացվել են շուրջ 26 հա անտառմաքրման աշխատանքները՝ Սևանա լճի ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում:

Առաջին անգամ Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգային աշխատանքների իրականացման համար 2024 թվականի պետական բյուջեով հատկացվել է 60.0 մլն դրամ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում