ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Հայաստանին
Մոսկվայում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանին հրավիրել են ՌԴ արտաքին գործերի նախարարություն և նրան կոշտ բողոք ներկայացրել Երևանի «անբարյացակամ գործողությունների» ֆոնին։
Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին օրերին ձեռնարկել է մի շարք «ոչ բարեկամական» քայլեր, այդ թվում՝ ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացի մեկնարկը, վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մարդասիրական օգնությունը Կիևին, և ԱՄՆ-ի մասնակցությամբ հայկական տարածքում զորավարժությունների անցկացումը:
«Բացի այդ, բողոքի նոտա է ուղարկվել, որում նշվել է սեպտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորական հայտարարությունների անընդունելիության մասին՝ ուղղված ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավար Մարիա Զախարովային և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն ամբողջությամբ»,- հավելել են նախարարությունից։
ՌԴ ԱԳՆ-ն Հարությունյանին մտահոգություն է հայտնել նաև սեպտեմբերի 7-ին ՀՀ-ում բլոգեր Միքայել Բադալյանի և Sputnik Արմենիա ռադիոյի սյունակագիր Աշոտ Գևորգյանի կալանավորման կապակցությամբ։
Մոսկվան համոզված է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, և հարաբերությունների զարգացման և ամրապնդման վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները լիովին կիրականացվեն, նշել են դիվանագիտական գերատեսչությունում։
Նրանք հավելել են, որ ռուսական կողմը «կշարունակի գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորմանը նպաստելու համար»։
Կարծիքներ