Սպիտակի պոլիկլինիկան 255․000 ԱՄՆ դոլար արժողության նոր ռենտգեն սարք ունի․ ֆոտո
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Լոռու մարզ` ներկա գտնվելու Սպիտակի բժշկական կենտրոնում թվային ճառագայթագրման և ֆլյուրոսկոպիայի ժամանակակից սարքի նվիրաբերման արարողությանը:
Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանում ԱՄՆ դեպան Լին Թրեյսին, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, առողջապահական ոլորտի ներկայացուցիչներ:
Ռենտգեն սարքը ներառված է նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով առողջապահության նախարարությանը տրամադրվող սարքավորումների շարքում և տրամադրվել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Մարդասիրական աջակցության ծրագրով: Այն կծառայի Սպիտակ քաղաքի և հարակից բնակավայրերի շուրջ 40 հազար բնակիչներին բուժօգնություն տրամադրելուն:
Նախարար Անահիտ Ավանեսյանն ընդգծեց COVID-19 համավարակի մեկնարկից ի վեր երկրների որդեգրած համերաշխության սկզբունքը` մարտահրավերներին միահամուռ արձագաքնելու նպատակով:
«Համերաշխության լավ օրինակ են COVID-19 համավարակի, ինչպես նաև հետպատերազմական շրջանում ՀՀ առողջապահության համակարգում ԱՄՆ կառավարության իրականացրած մի շարք ներդրումները»,-ասաց Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով` մարդկանց կյանքի որակի կարևորագույն գրավականը առողջությունն ու կրթությունն են, և պետք է անել առավելագույնը բոլոր բնակավայրերում այդ երկու կարևոր հենասյուները հավասարապես զարգացնելու համար:
«Նոր կորոնավիրուսի համավարակը սկսվելուն պես մենք սերտորեն գործակցել ենք ՀՀ կառավարության հետ` ի նպաստ մարդկանց ապահով կենսագործունեության և առողջության: ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Մարդասիրական աջակցության ծրագրով տրամադրված բուժսարքավորումները կմեծացնեն ՀՀ առողջապահական համակարգի կարողությունները նոր կորոնավիրուսի պացիենտների ախտորոշման ու բուժման հարցում»,-իր ելույթում նշեց ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:
Մասնակիցները հույս հայտնեցին, որ այս ներդրումը կնպաստի մարզում բժշկական ծառայությունների որակի բարելավմանը և բժիշկների մասնագիտական կարողությունների զարգացմանը:
Նշենք, որ ընդհանուր առմամբ, ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը Հայաստանում նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով տրամադրել է 770․000 ԱՄՆ դոլար արժողությամբ բժշկական սարքավորումներ։
Կարծիքներ