Պեկինի ձմեռային օլիմպիական խաղեր. Հայաստանի առաջին մասնակցի արդյունքը
Պեկինի 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերում փետրվարի 6-ին պայքարի մեջ է մտել Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝ դահուկորդ Միքայել Միքայելյանը: Միքայելյանը հանդես է եկել սքիաթլոնի (15 կմ դասական ոճ + 15 կմ ազատ ոճ) մրցատարածությունում, որին սովորաբար մասնակցում են բարձր վարկանիշ ունեցող մարզիկները:
Հայաստանի ներկայացուցիչը մրցատարածությունը հաղթահարել է 1:25:53.7 րոպեում և զբաղեցրել 47-րդ հորիզոնականը։ Մրցմանը 34 պետության 70 դահուկորդ է մասնակցել, սակայն եզրագիծը կարողացել է հատել միայն 49 մարզիկ։
Միքայել Միքայելյանը երկրորդ անգամ մրցուղի դուրս կգա արդեն փետրվարի 11-ին՝ 15 կմ դասական ոճում:
Սքիաթլոնի (15 կմ դասական ոճ + 15 կմ ազատ ոճ) մրցատարածությունում օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճել է Ռուսաստանի օլիմպիական թիմի ներկայացուցիչ Ալեքսանդր Բոլշունովը 1:16:09.8 արդյունքով: Արծաթե մեդալը նվաճել է նրա հայրենակից Դենիս Սպիցովը (1:17:20.8), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ֆինլանդիայի ներկայացուցիչ Լիվո Նիսկանենը (1:17:20.8 ):
Վաղը՝ փետրվարի 8-ին, օլիմպիական խաղերում պայքարի դուրս կգա Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ դահուկավազորդ Կատյա Գալստյանը: Այդ օրը նա հանդես կգա արագավազքում (սպրինտ), իսկ փետրվարի 10-ին Անգելինա Մուրադյանի հետ պայքարի դուրս կգա 10 կմ դասական ոճում: Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի մյուս ներկայացուցիչների՝ գեղասահորդներ Թինա Կարապետյան–Սիմոն Պրուլքս-Սենեկալ պարային զույգի մեկնարկը փետրվարի 12-ին է:
Հաջողության դեպքում Հայաստանը ներկայացնող պարային զույգը փետրվարի 14-ին իր ուժերը կչափի ազատ ծրագրի եզրափակչում:
Կարծիքներ