ՀՀ-ում կկառուցվի 500 մլն դոլար արժողությամբ AL գործարան. տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական նախագիծը

Հայաստանը միանում է արհեստական բանականության գլոբալ շարժին՝ ոչ որպես դիտորդ, այլ որպես նոր հնարավորություններ ստեղծող։ Firebird ընկերությունը, ՀՀ կառավարությունն ու NVIDIA-ն ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքներից հետո մեկնարկում են համատեղ նախագիծ, որն արմատապես փոխելու է մեր տարածաշրջանի տեխնոլոգիական քարտեզը։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Նախագծի շրջանակում՝
կիրականացվի 500 միլիոն դոլարի ներդրում,
կտեղակայվեն հազարավոր NVIDIA Blackwell GPU-ներ,
կձևավորվի ավելի քան 100 մեգավատտ հզորությամբ ենթակառուցվածք,
գործարկումը նախատեսվում է 2026 թվականին։
AI գործարանը կդառնա հարթակ նորարարությունների, կրթության, գիտության և ձեռներեցության համար։ Այն խթանելու է տեղական ու միջազգային ստարտափների զարգացումը, ապահովելու է գիտության ու տեխնոլոգիայի կապը, և Հայաստանը կդարձնի տարածաշրջանային տեխնոհաբ՝ արհեստական բանականության իրական ստեղծման վայր։
Այս նախաձեռնությամբ Հայաստանը ոչ միայն արձագանքում է գլոբալ տեխնոլոգիական փոփոխություններին, այլ նաև դառնում է այդ գործընթացների մասնակից։ Ձևավորվում է նոր հարթակ, որտեղ տեղական ներուժը հնարավորություն կունենա ստեղծելու արդիական լուծումներ՝ համահունչ միջազգային զարգացումներին։ Սա ռազմավարական ներդրում է մեր երկրի երկարաժամկետ տեխնոլոգիական առաջընթացի համար»,-գրել է նախարարը։
Կարծիքներ