Հարկերից խուսափելը հնարամտություն չէ, այլ արատ, որը թուլացնում է պետության հիմքերը. ՀՀ ֆինանսների նախարար

Խորհրդարանը քննարկել է ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:
ՀՀ ֆինանսների նախարար, հիմնական զեկուցող Վահե Հովհաննիսյանը իր ելույթում ընդգծել է՝ բյուջեն մեր բոլորի մասին է, ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր մարդու մասին:
Ըստ նախարարի՝ բյուջեն ձևավորվում է մեր բոլորի համատեղ ջանքի արդյունքում, և որքան շատ ենք վաստակում ու սպառում, այնքան մեծ է մեր ներդրումը բյուջեի եկամտային մասի ձևավորման մեջ: «Հարստացի՛ր և հարստացրո՛ւ» բանաձևը հենց սրան է վերաբերում:
«Հարկային վարչարարությունը պետք է իր թիրախում պահի հարկային կարգապահության հարցը, և ուրախ եմ, որ վերջին տարվա ընթացքում կայացած որոշումներն ու օրենսդրական փոփոխություններն այս իմաստով ընդլայնել են վարչարարության գործիքակազմը»,- նշել է նախարարը:
Ինչ վերաբերում է տնտեսական զարգացումներին, Հովհաննիսյանն ասել է, որ 2024 թվականը Հայաստանի Հանրապետության համար տնտեսական աճի կայունացման ժամանակահատված էր: 2024-ին գրանցվել է 5,9 տոկոս տնտեսական աճ՝ պայմանավորված հիմնականում ծառայությունների աճով:
Տնտեսական աճը ուղեկցվել է ներքին ու արտաքին պահանջարկի աճով:
2021-2024-ին ՀՀ տնտեսությունում միջինում գրանցվել է 8,2 տոկոս տնտեսական աճ: Հարկ է նշել, որ վերջին տարիների զարգացումների արդյունքում պոտենցիալ աճը ևս բարձրացել է. նախկին 4-4,5 տոկոս գնահատականի դիմաց այժմ գնահատվում է 5-5,5 տոկոս:
2024-ին 2023 թվականի համեմատ 4,9 տոկոսով աճել է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ հասնելով 3 միլիոն 360 հազար դրամի կամ 856 ԱՄՆ դոլարի»,- հայտնել է ֆինանսների նախարարը:
ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ՀՀ տնտեսական կյանքին արդյունավետ ինտեգրելու Կառավարության ջանքերը ևս նպաստել են տնտեսական ներուժի բարձրացմանը:
Վերջին 3 տարիների բարձր տնտեսական աճը, ըստ նախարարի, ուղեկցվել է նաև բնակչության կենսամակարդակի բարձրացմամբ:
«Հատկանշական է, որ 2024-ին աշխատավարձերի և վարձու աշխատողների աճ է գրանցվել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: 2024-ին միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 6,4 տոկոսով՝ կազմելով 287 հազար 172 դրամ, իսկ վարձու աշխատողների թիվը՝ 5,2 տոկոսով՝ կազմելով 760 հազար 555 մարդ»,- տեղեկացրել է Հովհաննիսյանը:
Կարծիքներ