ԱԺ-ն մերժեց պարտադիր զինծառայության ժամկետը գումարի դիմաց կրճատելու նախագիծը

ԱԺ-ն մերժեց պարտադիր զինծառայության ժամկետը գումարի դիմաց կրճատելու նախագիծը

Ազգային ժողովը մերժեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր սահմանել զինծառայության տարբեր ժամկետներ՝ համապատասխան վճարի դիմաց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը չընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգում․ դեմ քվեարկեց 87 պատգամավոր։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ խմբակցությունը մանրամասն քննարկել է նախագիծը, սակայն դրա առանձին կարգավորումները, ձևակերպումները և քննարկման ժամանակը համոզել են, որ այն այս տեսքով ընդունելի չէ։

«Բանակի բարեփոխումների ռազմավարությունը կառավարության հետ միասին մեր առաջնահերթությունների շարքում է։ Թեև նախագծում կան հարցեր, որոնք ուղղված են բարեփոխումներին, սակայն այս տեսքով այն չենք կարող ընդունել։ Մեր խմբակցությունը դեմ կքվեարկի»,– հայտարարեց Կոնջորյանը։

Նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանը իր հերթին հիշեցրեց, որ նախագիծը կառավարությունը նախկինում ետ էր քաշել՝ հաշվի առնելով սահմանային էսկալացիան, իսկ քննարկումները նորից սկսել են 2024-ի հունվարից։ Նա նշեց, որ չի հասցրել նախագիծը ԱԺ բոլոր գործընկերների հետ քննարկել։

«Վարչապետի հանձնարարականներով կշարունակեմ աշխատել մեր գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք կյանքի կոչել այն բարեփոխումները, որոնք կառավարության ծրագրում առկա են։ Ես նույնպես դեմ կքվեարկեմ օրենքի նախագծին», – ասաց Սարգսյանը:

Հայկ Սարգսյանի ներկայացրած օրինագծով առաջարկվում էր սահմանել մի շարք տարբերակներ՝ պարտադիր զինծառայության տարբեր ժամկետներով անցնելու և համապատասխան վճար կատարելու հնարավորություն՝ օրինակ՝1 ամիս ծառայություն՝ 24 մլն դրամ վճար, 4 ամիս ծառայություն՝ 18 մլն դրամ։

Սարգսյանն առաջարկում էր նաև, որ մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների կողմից ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում պետական վճար սահմանվի 15 մլն դրամի չափով։

Նախագիծը նաև ներառում էր առողջական խնդիրների հիմքով զինծառայությունից ազատման մեխանիզմների վերանայում, մասնավորապես՝ որոշ սահմանափակումներով ծառայության ներգրավման հնարավորությամբ (օրինակ՝ կարճատեսություն ունեցող քաղաքացիներին՝ ոչ մարտական ծառայության մեջ)։ Նաև առաջարկվում էր սահմանել քրեական պատասխանատվություն՝ առողջական վիճակը պարզելու համար փորձաքննությունից կամ նմուշառումից հրաժարվելու դեպքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում