Ուկրաինայում 42 000 մարդ պաշտոնապես անհետ կորած է
Ուկրաինայի հատուկ հանգամանքներում անհետ կորածների միասնական գրանցամատյանում ներկայում նշված է, որ որոնվում է անհետ կորած 42 000 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության՝ հատուկ հանգամանքներում անհետ կորածների բաժնի ղեկավար Դմիտրի Բոգատյուկը։
«Ընդհանուր առմամբ, գրանցամատյանի վարման սկզբից մինչ օրս մուտքագրվել են անհետ կորած համարվող ավելի քան 51 000 անձի տվյալներ։ Այս պահին այդ թիվը ներառում է նաև նրանց, ովքեր մինչ այժմ որոնվում են։ Նրանք շուրջ 42 000 են», - նրա խոսքերն է մեջբերում «Ուկրինֆորմ» պետական լրատվական գործակալությունը։
Ինչպես նշել է Բոգատյուկը, ՆԳՆ-ն նաև տվյալներ ունի մոտ 7000 մարդու մասին, որոնց մասին տեղեկություններն արդեն հաստատվել են։ Ըստ պաշտոնյայի՝ նրանցից 3000-ի գտնվելու վայրը հաստատվել է, նրանք ողջ և առողջ են․ նրանց մեծ մասը նախկին ռազմագերիներ են։ Բացի այդ, կա 4000 նույնականացված մարմին՝ մեծ մասը զինվորներ, որոնք համարվում էին անհետ կորած։
Բոգատյուկը նաև մատնանշել է մարտական գործողությունների գոտի ուղարկված զինվորականներից ԴՆԹ-ի նմուշներ վերցնելու առումով առկա խնդիրները՝ նշելով, որ երկրի պաշտպանության նախարարությունը ներկայում նման ընթացակարգ չի իրականացնում։
2024 թվականի մարտի դրությամբ Ուկրաինայում անհետ կորած էր համարվում ավելի քան 50 000 մարդ։
Կարծիքներ