Միրզոյանը Կլաարի հետ հանդիպմանը դատապարտել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները
Հոկտեմբերի 2-ին աշխատանքային այցով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերացման՝ Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքներից դուրսբերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման, հրադադարի ռեժիմի ավերապահ պահպանման հրամայականը:
Նախարար Միրզոյանը խստորեն դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները և իրականացրած պատերազմական հանցագործությունները, մասնավորապես՝ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը, հայ ռազմագերիների անմարդկային խոշտանգումներն ու արտադատական սպանությունները, և շեշտել, որ մեղավորները պետք է համարժեք պատասխանատվության ենթարկվեն, այդ թվում՝ պատժամիջոցների կիրառմամբ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի։
Ավելի վաղ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր միկրոբլուգում անդրադարձել էր այսօր համացանցում հայտնված՝ ադրբեջանակն զինված ուժերի զինծառայողների՝ հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութին և նշել. «Եթե ապացուցվի, որ տեսանյութն իրական է, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի, եւ որի մեղավորները պետք է պատժվեն»:
Կարծիքներ