Սաուդյան Արաբիան երկարատեւ վեճից հետո կրկին կբացի Կատարի հետ ցամաքային եւ ծովային սահմանները

Սաուդյան Արաբիան երկարատեւ վեճից հետո կրկին կբացի Կատարի հետ ցամաքային եւ ծովային սահմանները

Քուվեյթը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան բացում է Կատարի հետ ցամաքային եւ ծովային սահմանները երկարատեւ վեճից հետո, որի հետեւանքով վատթարացել էին Կատարի հարաբերությունները Պարսից ծոցի մի շարք երկրների հետ, փոխանցում է BBC-ն: 

Այս քայլը ձեռնարկվել է Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի գագաթնաժողովի նախաշեմին, որը տեղի է ունենալու երեքշաբթի Սաուդյան Արաբիայում:

ԱՄՆ-ում բարձրաստիճան աղբյուրը հայտնել է, որ գագաթնաժողովի ավարտին համաձայնագիր է ստորագրվելու, որի շնորհիվ դադարեցվելու է Պարսից ծոցի երկրների միջեւ պառակտումը:

Կատարին սահմանակից երկրներ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը եւ Եգիպտոսը Կատարի դեմ 3,5 տարով դիվանագիտական եւ տնտեսական էմբարգո էին սահմանել՝ այդ պետությանը մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ:

Կատարը բոլոր մեղադրանքները հերքում է:

Կատարի դեմ էմբարգոյի չեղարկման համար պահանջվել է ամիսներ տեւած համբերատար, քրտնաջան դիվանագիտական աշխատանք, հիմնականում Քուվեյթի կողմից:

Շրջափակումը, որ շարունակվել է 3,5 տարի, ահռելի ծախսերի է հանգեցրել ինչպես Կատարի տնտեսության համար, այնպես էլ Պարսից ծոցի երկրների միասնության հայեցակարգի:

Ընդ որում՝ BBC-ն նշում է, որ Պարսից ծոցի երկրներից մեկը, մասնավորապեսէ ԱՄԷ-ն լուրջ կասկածներ ունի, որ Կատարն իսկապես կփոխի իր քաղաքականությունը:

Կատարը հերքում է ահաբեկիչների հետ կապ ունենալու մեղադրանքները՝ միաժամանակ աջակցելով Գազայում, Լիբիայում իսլամիստական շարժումներին, մասնավորապես՝ «Մուսուլման եղբայրներ» խմբավորմանը, որին ԱՄԷ-ն դիտարկում է որպես իր միապետությանը էքզիստենցիալ սպառնալիք:

Սակայն հարեւան երկրների սահմանած էմբարգոն Կատարին մղել է դեպի Սաուդյան Արաբիայի գաղափարական թշնամիներ Թուրքիա եւ Իրան, նշում է հեռուստաալիքը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում