Փաշինյանը և Ռոքֆոյը կարևորել են Լաչինի միջանցքն ապաշրջափակելու մասին դատարանի որոշման Բաքվի կողմից անհապաղ կատարումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը ֆրանսիացի համանախագահի ուշադրությունն է հրավիրել մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման փաստի նկատմամբ, ինչի հետևանքով զոհվել են ԼՂ ներքին գործերի նախարարության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայող, մեկը վիրավորվել է:
«Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողություններն այլ կերպ, քան ահաբեկչություն, հնարավոր չէ որակել և հավելել, որ գրեթե երեք ամիս շարունակ Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ ստեղծելուն ուղղված գործողություններին զուգահեռ Ադրբեջանը շարունակում է Արցախի հայ բնակչության ահաբեկման գործողությունները՝ էթնիկ զտումներ իրականացնելու վերջնական նպատակով:
Երկուստեք կարևորվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքն ապաշրջափակելու վերաբերյալ որոշման՝ Ադրբեջանի կողմից անհապաղ կատարելու անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Միաժամանակ, վարչապետը հավելել է, որ ստեղծված պայմաններում Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելը դառնում է կենսական անհրաժեշտություն:
Նշվում է, որ քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:
Միաժամանակ, ընդգծվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության կարևորությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունությանը և խաղաղությանը:
Կարծիքներ