Վրաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2970 դեպք
Վրաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2970 նոր դեպք: Տվյալները թարմացվել են կառավարական StopCov կայքում, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն:
Այսօրվա օրական աճը 43-ով ավել է, քան երեկվա ռեկորդային բարձր մակարդակը` 2927 դեպքը: 24 ժամվա ընթացքում առաջին անգամ հաստատված դեպքերի թիվը երկու հազարը գերազանցել էր միայն նոյեմբերի 4-ին: Այդ օրվանից ի վեր Վրաստանում ամեն օր ռեկորդային ցուցանիշներ են գրանցվում:
Վերջին օրվա ընթացքում վերականգնվել է 2.348 հիվանդ: Վերականգնվածների ընդհանուր թիվը 47 390 է:
22 հիվանդ մահացել է: Վրաստանում COVID-19-ից մահացել է ընդհանուր 521 մարդ:
Համավարակի սկզբից մինչ օրս Վրաստանում լաբորատոր ճանապարհով հաստատվել է վարակման 63 650 դեպք:
Այս պահի դրությամբ հիվանդանոցներում է գտնվում 4709 մարդ, իսկ քովիդ հյուրանոցներում` 3.066 մարդ:
Սեպտեմբերի սկզբից ի վեր երկրում համաճարակաբանական իրավիճակի վատթարացում է նկատվում: Վարակված մարդկանց թվի օրական աճն արդեն արտահայտվում է քառանիշ թվով եւ մոտենում է երեք հազարին:
Կառավարությունը նոր սահմանափակումներ է մտցրել` վարակման դեպքերի տարածման տեմպերը դանդաղեցնելու նպատակով: Երկուշաբթի` նոյեմբերի 9-ից, Վրաստանի յոթ խոշոր քաղաքներում ինչպես հետիոտնի, այնպես էլ ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժը 22:00-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում արգելված է:
Տեղաշարժման արգելքը տարածվում է Թբիլիսիի, Քութաիսիի, Բաթումիի, Ռուսթավիի, Զուգդիդիի, Գորիի եւ Փոթիի բնակիչների վրա: Սահմանված արգելքի խախտման դեպքում երկու հազար լարի տուգանք է նախատեսված:
Կարծիքներ