Խոնարհվում ենք հերոսների հիշատակի առջև և վերահաստատում մեր հանձնառությունը՝ կերտելու խաղաղ ապագա. Ավինյան

Այսօր նշում ենք ֆաշիզմի նկատմամբ հաղթանակի 80-րդ տարեդարձը՝ որպես համամարդկային արժեքների պաշտպանության խորհրդանիշ։ Հայ ժողովուրդը վճռական մասնակցություն է ունեցել այդ պայքարում. ավելի քան կես միլիոն հայ է մասնակցել պատերազմին, որից արհավիրքին զոհ են գնացել շուրջ 300 հազարը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Պատերազմի մեկնարկից ի վեր Երևանը, ԽՍՀՄ մյուս քաղաքների հետ միասին, լծվել է հաղթանակը կռելու դժվարին գործին՝ ռազմաճակատի կարիքների համար ապահովելով կապի սարքեր, զինամթերք, ռադիոտեխնիկա, բժշկական միջոցներ և այլն։ Հայ ժողովրդի հարյուրավոր զավակներ են արժանացել ԽՍՀՄ բարձրագույն կոչումների։ Հայերը մարտնչել են նաև արևմտյան ճակատներում, պարտիզանական և ընդհատակյա շարժումներում՝ հերոսանալով դաժան կռիվներում և անձնուրացության ու քաջության օրինակ ծառայելով։
Այսօր աշխարհը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, որտեղ փոքր պետությունների ուղեկիցն են զգոնությունը, դիմադրունակությունն ու կամքը։ Մեր գերնպատակը պիտի լինի ստեղծել կայուն ու ապահով միջավայր, որտեղ պատերազմը փոխարինված է փոխադարձ հարգանքով, հանդուրժողականությամբ ու անվտանգությամբ։
Խոնարհվում ենք հերոսների հիշատակի առջև և վերահաստատում մեր հանձնառությունը՝ կերտելու խաղաղ ապագա»,- գրել է Ավինյանը։
Կարծիքներ