Սյունիքի մարզպետի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել. դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել
Գորիսում օրեր առաջ հնչած կրակոցների գործով Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Այս մասին ՀԺ-ին փոխանցեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը: Վերջինս նաև հայտնեց, որ դատարան միջնորդություն էր ներկայացվել Կարեն Պողոսյանին կալանավորելու վերաբերյալ. «Այսօր դատարանը բավարարել է ներկայացված միջնորդությունը»,- ասաց Թադևոսյանը:
Պողոսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի ( սպանության փորձ, որ կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը):
Հիշեցնենք, որ զինված միջադեպը տեղի էր ունեցել հուլիսի 13-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով մոտակա շենքերի բնակիչների նկատմամբ, կրակոցներ էին արձակել Գորիս քաղաքի երկու բնակիչների ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ զինված միջադեպին մասնակցել է նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը:
Հարցին՝ Սուրիկ Խաչատրյանի որդին որևէ կարգավիճակ ունի՞ սույն գործի շրջանակներում, ՔԿ խոսնակը պատասխանեց՝ ոչ:
Կարծիքներ