Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մարտի 30-ից ապրիլի 2-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Գերմանիայի նախագահի պաշտոնական էջում։ 

«Դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և Էլկե Բյուդենբենդերը (խմբ. Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի կինը) մարտի 30-ից ապրիլի 2-ը կայցելեն Հայաստան և Ադրբեջան»,-նշված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ սա առաջին անգամն է, երբ դաշնային նախագահն այցելում է Հայաստան և Ադրբեջան։ 

«Հայաստանում Դաշնային նախագահը կհանդիպի նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նա կայցելի նաև ԹՈՒՄՈ տեխնոլոգիական կրթական կենտրոն և կմասնակցի մշակութային ընդունելությանը»,-ասված է հայտարարության մեջ։ 

Հաղորդվում է, որ Հայաստանում գտնվելու երկրորդ օրը Դաշնային նախագահը կմեկնի Դիլիջան։ Նա կխոսի հայ կին ձեռներեցների հետ և կծանոթանա քաղաքաշինական ծրագրի։  

«Գերմանիայի նախագահը կայցելի Սևանա լճի եկեղեցի և հիդրոօդերևութաբանության ու մոնիտորինգի կենտրոն, որը գործում է «Հելմհոլց բնապահպանական հետազոտությունների կենտրոնի» հետ համատեղ»,-նշված է Գերմանիայի նախագահի պաշտոնական կայքում: 

Նշվում է, որ Ադրբեջան կատարած այցի ընթացքում Գերմանիայի նախագահը կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի հետ, կայցելի Բաքվի պատմական քաղաքի կենտրոն, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ է, և միջկրոնական փոխըմբռնման և հանդուրժողականության շուրջ զրույց կանցկացնի քրիստոնյա, մահմեդական և հրեա կրոնական առաջնորդների հետ։ Նա նաև կմիանա Ադրբեջանում կանանց իրավիճակին նվիրված քննարկմանը։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում