Վրաստանում կորոնավիրուսի սահմանափակումները դժգոհություն է առաջացրել. ռեստորանները սպառնում են բացվել
Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան արձագանքել է ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների որոշմանը, այն է՝ բացել օբյեկտները շաբաթ օրը չսպասելով կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված սահմանափակման չեղարկմանը:
«Անհնազանդությունը, օրենքի խախտումը, օրենքի պահպանությանն ընդդիմանալը անընդունելի է, սրան կհետևի խիստ արձագանք: Իմ խնդրանքն ու հույսն է, որ նման սխալ, ապօրինի քայլի չեն դիմի ու չեն բարդացնի մեր միջև եղած երկխոսությունը»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով վրացական ԶԼՄ-ները, հայտարարել է Թուրնավան:
Վրաստանի ռեստորանների ասոցիացիայի հիմնադիր Շոթա Բուրջանաձեն հայտարարել էր, որ շաբաթ օրը ռեստորանները կբացվեն՝ իրենց իսկ որոշմամբ:
Միջգերատեսչական խորհրդի սահմանափակումները վերացնելու փուլային համակարգի համաձայն, երկրի ողջ մասշտաբով ռեստորաններն ու սննդի օբյեկտները, այդ թվում՝ հյուրանոցները, աշխատանքը պիտի շարունակեն միայն տուն տանելու ու առաքման ծառայություններով:
Ռեստորանային ոլորտի ներկայացուցիչները, սակայն, պահանջում են բացել ռեստորանները, որպես բողոքի նշան մինչև 200 ռեստորան հունվարի 30-ին առհասարակ դադարեցրել էր աշխատանքը 24 ժամով:
Վրաստանում փետրվարի 3-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 688 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի թիվը երկրում 259 897 է, ինչը Հայաստանի համեմատ ավելի է գրեթե 100 հազարով: Հայաստանում փետրվարի 3-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվը կազմել է 167 հազար 421:
Վրաստանում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 251 հազար 77 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 13 մարդ, ընդհանուր՝ 3 221:
Կարծիքներ