Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. Մխիթար Հայրապետյանն այցելել է Grid Dynamics-ի գրասենյակ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ այցելել է Հայաստանում գործունեություն ծավալող հերթական հանրաճանաչ ընկերություններից մեկի՝ Grid Dynamics-ի հայաստանյան գրասենյակ։
Ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Միհրան Մինասյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել նորաբաց գրասենյակում, խոսել աշխատակիցների հետ, ծանոթացել ընկերության առաջնահերթություններին ու հեռանկարային ծրագրերին։ Նշվել է, որ Grid Dynamics Armenia-ն համագործակցում է մի շարք հայտնի ու համաշխարհային բրենդների հետ։
Հայաստանյան գրասենյակի բացման օրից մինչ այժմ ընկերության հայաստանյան թիմը համալրվել է ևս 100 մասնագետներով՝ հասնելով մոտ 300-ի։ Իսկ աշխարհի 18 երկրներում տեղակայված գրասենյակներում աշխատում է ոլորտի ավելի քան 4000 մասնագետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում համագործակցության մի շարք հնարավորություններ։
Նախարար Հայրապետյանը կարևորել է նման այցերը՝ ձեռքը ոլորտի զարկերակին պահելու տեսանկյունից:
Նախարարը ընկերությանը ներկայացրել է ԲՏԱ ոլորտում նախարարության առաջնահերթությունները, մանրամասնել առաջիկա պլանները և տեսլականը: Ընկերության ներկայացուցիչներն, իրենց հերթին, ընդգծել են՝ Հայաստանը ընկերությունը զարգացնելու, նոր տաղանդներ ներգրավելու տեսանկյունից բարենպաստ երկիր է։ Առանձնացվել է այն ծրագրերի կարևորությունը, որոնք նպաստում են ընկերության աճին: Խոսվել է նաև խնդիրներից, դրանց լուծման տարբերակներից, նախարարությունից ակնկալվող աջակցությունից:
Grid Dynamics-ը թվային տեխնոլոգիական ծառայությունների մատակարար է, որը խթանում է Fortune 1000 ցանկում ընդգրկված ընկերությունների մրցակցային աճը:
Ընկերությունն առաջարկում է թվային վերափոխման խորհրդատվություն և դրա իրականացում, մեծ տվյալների վերլուծություն, որոնման, արհեստական բանականության, ամպային տեխնոլոգիաների ներդրման և հավելվածների մոդեռնիզացման ծառայություններ:
Հատկանշական է, որ 2022-ից իր գործունեությունը Հայաստանում սկսած ընկերությունն արդեն հասցրել է ընդգրկվել Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների 20 ամենախոշոր հարկատուների շարքում:
Grid Dynamics-ը հիմնադրվել է 2006 թվականին։
Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Սիլիկոնյան հովտում։ Grid Dynamics-ը գրասենյակներ ունի նաև Մեքսիկայում, Միացյալ Թագավորությունում, Եվրոպայում և Հնդկաստանում։
Կարծիքներ