Առաջին քայլերը դեպի պատմական նվաճում
Ինչպես երկրպագուական հայտնի երգում է ասվում` «Հաղթանակը ամեն տեղ ուղեկցում է ինձ և քեզ»։ Այս կերպ կարելի է նկարագրել այն ամենն, ինչ այս պահին իրագործում են հայկական ակումբները եվրագավաթային մրցաշարում։
Հայաստանի երկու ակումբներ` «Նոան» և «Փյունիկը», ընդհուպ մոտ են Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում հայտնվելուն` բացելով մի նոր էջ հայկական ֆուտբոլի պատմության մեջ։
Որակավորման փլեյ-օֆֆի առաջին հանդիպումներում մեր ակումբները վստահ խաղով կարողացան հաղթել իրենց մրցակիցներին` պատասխան խաղերին մոտենալով հաղթողի կարգավիճակում։ Հաղթանակների մեկնարկը տվեց Երևանի «Նոան», որը Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում կայացած խաղում կարողացավ 3-0 հաշվով առավելության հասնել Սլովակիայի գործող գավաթակիր Ռուժոմբերոկի նկատմամբ` գրեթե վճռելով դիմակայության ելքը։
Ռուի Մոտայի թիմի կազմում հաշիվը երրորդ րոպեին բացեց Պորտուգալացի հարձակվող Գոնսալու Գրեգորիուն` թարմացնելով իր արդյունավետությունը եվրագավաթների այս մրցաշրջանում` 6 գոլ և 1 գոլային փոխանցում։ Հետագայում հաշվի մեջ մեր թիմի առավելությունը մեծացրին և խաղի վերջնարդյունքը հաստատեցին Գոռ Մանվելյանն ու Մաթեուս Այասը։
Ի տարբերություն «Նոայի», «Փյունիկը» իր մրցակցին` Սլովենիայի գործող չեմպիոն «Ցելեին», կարողացավ հաղթել ընդամենը մեկ գոլի առավելությամբ` 1-0։ Թեև արդարության համար պետք է նշել, որ հաշիվը կարող էր լինել ավելի խոշոր, եթե Եղիշե Մելիքյանի տղաները կարողանային օգտագործել գոլային մյուս պահերը։ «Նռնագույնների» կազմում միակ և հաղթական գոլի հեղինակը դարձավ նիգերիացի Սանի Բուհարին, որը «Փյունիկում» իր առաջին եվրագավաթային խաղը կարողացավ նշանավորել հաղթական գոլով։
Հիշեցնենք, որ հայկական երկու թիմերի պատասխան հանդիպումները կկայանան օգոստոսի 29-ին՝ ժամը 20։30-ին «Ռուժոմբերոկ» - «Նոա», ժամը 22։15-ին «Ցելե» - «Փյունիկ»։
Հեղինակ՝ Գևորգ Թովմասյան
Կարծիքներ