Կառավարության գնահատմամբ՝ տնտեսական աճին հիմնականում կնպաստեն շինարարությունն ու արդյունաբերությունը

Կառավարության գնահատմամբ՝ տնտեսական աճին հիմնականում կնպաստեն շինարարությունն ու արդյունաբերությունը

Եթե 2021 թվականին ծառայություններն են տնտեսական աճի հիմնական ուղղորդող հատվածը, ապա սպասվում է, որ 2022 թվականին կլինեն շինարարությունն ու արդյունաբերությունը: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը:

Այս պահին կառավարության ունեցած գնահատականներով 2021-ին տնտեսական աճի կանխատեսումը գտնվում է 6.5 տոկոս սահմաններում, 7 տոկոսն այն թիրախային գնահատականն է, որ դրված է 2022-ի բյուջեի հիմքում: Նախարարը նկատեց՝ դրանք ուղեկցվում են այս տարվա համար բավականին բարձր գնաճային ֆոնով:

«Եկող տարվա համար մենք սպասում ենք, որ  գնաճային միջավայրը կվերադառնա օրենքով սահմանված միջակայք: Այսպիսով` կապահովվի ավելի կայուն մակրոմիջավայր»,-ասաց Խաչատրյանը:

Անդրադառնալով նրան, թե հաջորդ տարվա տնտեսական աճին որ ճյուղերն առավելապես կնպաստեն՝ նախարարն ասաց. «Եթե այս տարի ծառայություններն են տնտեսական աճի հիմնական ուղղորդող հատվածը, ապա եկող տարի դրանք պետք է  լինեն շինարարությունն ու արդյունաբերությունը: Իսկ ծախսային բաղադրիչների տեսանկյունից ավելի մեծ ազդեցություն կլինի վերջնական սպառման և արտահանման ազդեցությամբ»:

Կառավարության ծրագրային նպատակն է ծրագրային ժամանակահատվածի ավարտին հասել 25 տոկոս հարկեր-ՀՆԱ ցուցանիշի: 22.4 տոկոս, 22.5 տոկոս 2020 և 2021 թթ ցուցանիշներն են: Նշանակում է, որ յուրաքանչյուր տարում առնվազն 0.5 տոկոսային կետով հարկային եկամուտների բարելավում պետք է լինի ՀՆԱ-ի նկատմամբ: ԱՃի առաջին գործոնը,ըստ նախարարի, կլինի հարկային վարչարարության բարելավումը:

«2022-ին ամբողջական վերադարձ է լինելու հարկաբյուջետային կանոններին: Ընթացիկ ծախսերը լինելու են ոչ ավել, քան հարկային եկամուտները, կապիտալ ծախսերն էլ լինելու են առնվազն ոչ պակաս՝ պետբյուջեի դեֆիցիտի չափից»,-ասաց Խաչատրյանը::

2022-ին նախատեսվում է, որ պետբյուջեի հաշվին իրականացվող կապիտալ ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 4.5 տոկոսը: