Զարեհ Սինանյանն ավարտել է այցը Սիրիա և Լիբանան
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում էր Սիրիայում և Լիբանանում: Այդ մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
Սիրիայում Գլխավոր հանձնակատարը հանդիպումներ է ունեցել Դամասկոսում և Հալեպում: Հայ համայնքի հետ հանդիպումներին ներկա են եղել համայնքային ակտիվ անդամներ, Հայ առաքելական, կաթոլիկ և ավետարանական եկեղեցիների առաջնորդները, ՍԴՀԿ, ՌԱԿ և ՀՅԴ կուսակցությունների, Ջինիշյան և Կարագյոզյան հիմնադրամների, ՀԲԸՄ, ՀՄԸՄ, Հայ կաթողիկե միության, գործարար շրջանակների ներկայացուցիչներ:
Զարեհ Սինանյանը հանդիպել է նաև Սիրիայի խորհրդարանի Հայաստան-Սիրիա պատգամավորական բարեկամական խմբի նախագահ Լյուսի Իսկենյանի, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Նորա Արիսյանի, Քեսապի քաղաքապետ Վազգեն Չափարյանի հետ:
Հանդիպումների և այցերի ընթացքում ներկայացվել են գրասենյակի ծրագրերը և նախաձեռնությունները, այնուհետ Զարեհ Սինանյանը պատասխանել է Հայաստանի և Արցախի խնդիրներին, հայրենադարձությանը, հայապահպանությանն առնչվող հարցերի:
Լիբանանյան մեկօրյա այցի ընթացքում Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, Տանն Կիլիկիոյ Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանին, Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահի տեղապահ և Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոսթյանին:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Սփյուռք գործակցությանն առնչվող հարցեր և ծրագրեր։
Կարծիքներ