Վաղարշակ Հարությունյանը ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին տեղեկացրել է ադրբեջանական ուժերի կողմից ՀՀ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը
Մայիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՂՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Կենջեբեկ Օրինբաևը:
Վաղարշակ Հարությունյանը շնորհավորել է Բոլատ Իմանբաևին դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություն պատասխանատու պաշտոնում:
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը վստահություն է հայտնել, որ դեսպանի ակտիվ և արդյունավետ աշխատանքը կնպաստի հայ-ղազախական միջպետական հարաբերությունների և քաղաքական երկխոսության ամրապնդմանը:
Վաղարշակ Հարությունյանը տեղեկացրել է Բոլատ Իմանբաևին տարածաշրջանում տիրող իրադրության և ադրբեջանական ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման արդյունքում ստեղծված իրավիճակի մասին, ներկայացրել վերջին օրերի զարգացումները:
Զրուցակիցները կարևորել են իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ ՀԱՊԿ շրջանակում գործադրվող ջանքերը, կարծիքներ փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգության այլ խնդիրների շուրջ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ղազախական համագործակցության հարցեր և փոխգործակցության հետագա զարգացման ուղիները, ինչպես նաև բազմակողմ ձևաչափով պլանավորված միջոցառումների կատարման ընթացքը:
Կարծիքներ