Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն ունի նաև պարտադիր իրավական ուժ. Նիկոլ Փաշինյան
Խորհրդարանում քննարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
Հիմնական զեկուցող, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթի սկզբում արձանագրել է, որ այսօր կա բոլորովին այլ պետություն, քան ունեցել ենք 2018 թվականին:
«Այսօր մենք անկախ ենք ավելի, քան երբևէ, ինքնիշխան ենք ավելի, քան երբևէ, պետություն, ժողովրդավարական ենք ավելի, քան երբևէ, զարգացած ենք ավելի, քան երբևէ, խաղաղ ենք ավելի, քան երբևէ, բարեկեցիկ ենք ավելի, քան երբևէ, անվտանգ ենք ավելի, քան երբևէ: Մի բան էլ ասեմ՝ երկարակյաց ենք ավելի, քան երբևէ, որովհետև 2024 թվականի արդյունքներով ՀՀ-ում կյանքի միջին տևողությունը 78,6 է, ինչը բացարձակ ռեկորդային ցուցանիշ է ՀՀ գոյության ողջ ընթացքում, և, ինչքան հասկանում եմ, նույնիսկ խորհրդային ժամանակների հետ համեմատ»,- ասել է վարչապետը:
Նրա խոսքով՝ այսօր պետության հեռանկարները ավելի որոշակի են, քան երբևէ, և սա առաջին հերթին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շնորհիվ է, որը հաստատվել է 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախագահ Թրամփի աջակցությամբ:
Ըստ վարչապետի՝ առաջիկայում Հայաստանին սպասում են մեծ ու պատմական իրադարձություններ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» նախագծի իրագործումը, որը Հայաստանը վերջնականորեն դուրս կբերի շուրջ 34-ամյա շրջափակումից, և, իհարկե, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի ստորագրումը և վավերացումը, որը կապահովի մեր պետությունների և ժողովուրդների միջև թշնամանքի վերացման հետագա ընթացքը:
«Այսօր էլ Հայաստանի և Ադդրբեջանի միջև խաղաղություն է հաստատված, և պետք է արձանագրել, որ այն հիմա էլ ունի բավականին ուժեղ իրավական հիմք: Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ունի նաև պարտադիր իրավական ուժ»,- նշել է ՀՀ վարչապետը:


Կարծիքներ