Հայաստանի հանրակրթական դպրոցներին հեծանիվների մատակարարումը շարունակվում է
Մեկնարկել է ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատություններին հեծանիվների մատակարարման երկրորդ փուլը:
Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներին հեծանիվների բաշխումն ավարտվել է: Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցներին բաշխվել է 354, Տավուշի՝ 270, իսկ Վայոց ձորի՝ 156 հեծանիվ:
Հեծանիվների մատակարարման և բաշխման գործընթացը մեկնարկել է սեպտեմբերի 6-ից: Առաջին փուլում հեծանիվները բաշխվել են հետևյալ կերպ՝ Արմավիրի մարզ՝ 198, Արագածոտն՝ 168, Կոտայք՝ 138, Վայոց ձոր՝ 68, Գեղարքունիք՝ 194, Արարատ՝ 182, Լոռի՝ 186, Տավուշ՝ 116, Սյունիք՝ 162, Շիրակ՝ 232:
Ծրագրի իրականացման համար ընդհանուր առմամբ ձեռք է բերվել 6500 հեծանիվ: Հեծանիվների մատակարարման և բաշխման գործընթացը շարունակվում է:
Ծրագրի նպատակն է նպաստել հեծանվասպորտի զարգացմանը, առողջ ապրելակերպի գաղափարների տարածմանը և ֆիզիկական դաստիարակության խրախուսմանը դպրոցներում՝ բարելավելով «Ֆիզկուլտուրա» առարկայի դասավանդման որակը:
Հաշվի առնելով, որ 2024 թվականից «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարն անցկացվում է միայն դպրոցականների համար՝ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերի շրջանում, դպրոցներին հեծանիվների տրամադրման ծրագիրը կնպաստի, որ աշակերտներն ավելի լավ նախապատրաստվեն ու մասնակցեն մրցաշարին:
Այս տարի սեպտեմբերի 28-29-ն անցկացված «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարին մասնակցել է շուրջ 66 դպրոցական, որոնք հաղթահարել են Գեղարքունիքի մարզի «Արևիկ» հանգստյան գոտուց մինչև Շողակաթ համայնքն ընկած շուրջ 20 կմ ճանապարհահատվածը:
1-ին տեղը զբաղեցրել է Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցի թիմը, 2-րդ տեղը՝ Կոտայքի մարզի Կապուտանի միջնակարգ դպրոցը, իսկ 3-րդ տեղը գրավել է Արարատի մարզի Ուրցաձորի միջնակարգ դպրոցը։ Եզրափակիչ փուլին 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը և մասնակիցները պարգևատրվել են ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթով, մեդալներով և դրամական պարգևներով:
1-ին տեղ գրաված դպրոցը պարգևատրվել է 4․000․000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2․500․000 ՀՀ դրամով, 3-րդ տեղը՝ 1․500․000 ՀՀ դրամով: Պարգևատրվել են նաև դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչները․ 1-ին տեղ՝ 700․000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500․000 ՀՀ դրամ և 3-րդ տեղ՝ 300․000 ՀՀ դրամ:
Հեծանվավազքի հաղթող թիմերի աշակերտները ևս պարգևատրվել են դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ 2 մասնակից՝ 150․000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 2 մասնակից՝ 100.000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 2 մասնակից՝ 75․000-ական ՀՀ դրամ։
Կարծիքներ