Այսօր ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է

Այսօր՝ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է... Նա կդառնար 89 տարեկան: Պետական և կուսակցական գործիչ: ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար (1974-1988): ՀՀ Աժ նախագահ (1999): Հայաստանի Ազգային հերոս (1999, հետմահու): Կարեն Դեմիրճյանը ծնվել է 1932թ., Երևան: Ավարտել է ԵՊԻ (1954), ԽՍԿԿ կենտկոմին առընթեր Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցը (1961): 1966-72-ին՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի քարտուղար, երկրորդ քարտուղար, 1972-74-ին՝ ՀԿԿ կենտկոմի քարտուղար, 1991-ից՝ «Հայէլեկտրամեքենա» բաժնետիրական ընկերության նախագահ, գործադիր-տնօրեն: Կարեն Դեմիրճյանի ղեկավարության տարիներին (1974-88) շահագործման են հանձնվել «Զվարթնոց» և Գյումրիի օդանավակայանները, Երևանի մետրոպոլիտենի առաջին հերթը, Մարզահամերգային համալիրը (1999-ից՝ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆի անվան), կառուցվել են Արփա-Սևան թունելը, «Հրազդանմաշ», «Պոզիստոր», «Իմպուլս», «Մարս» և այլ գործարաններ, Մասիս-Նուռնուս և Հրազդան-Իջևան երկթուղային մայրուղիները, գրապալատը և այլն: 1975-ի ապրիլի 23-ին առաջին անգամ Հայաստանի բարձրագույն ղեկավարության անունից Կարեն Դեմիրճյանը դատապարտել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին: Կարեն Դեմիրճյանի ջանքերով 1978-ի ՀԽՍՀ նոր սահմանադրության մեջ վերահաստատվել է հայերենը պետական լեզու ամրագրող հոդվածը: 1980-ին կանխվել է Բաքու-Նախիջևան «Բարեկամություն» կոչված ավտոմայրուղու հայաստանյան՝ Մեղրի-Նյուվադի հատվածի շինարարությունը, կառուցվել է Գորիս-Ստեփանակերտ հեռուստավերահաղորդիչ կայանը: 1998-ին հիմնադրել է Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ): 1999-ի ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել է ՀԺԿ և Հանրապետական կուսակցության համագործակցությամբ ստեղծված «Միասնություն» դաշինքի համանախագահը (Վ.Զ. Սարգսյանի հետ): Զոհվել է ՀՀ Աժ դահլիճում հոկտեմբերի 27-ին կատարված ոճրագործության ժամանակ: ԽՍՀՄ (1974-89), ՀԽԱՀ (1967-89) ԳԽ պատգամավոր: Կարեն Դեմիրճյանի անունով են կոչվել Երևանի մետրոպոլիտենը, № 139 դպրոցը, փողոցներ՝ Երևանում և ՀՀ այլ քաղաքներում: 2004-ից Երևանում գործում է Կարեն Դեմիրճյանի թանգարանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում