Գեղարքունիքի և Կոտայքի մարզերը կանցնեն համընդհանուր ներառական կրթության
ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի հանրակրթական դպրոցներում սեպտեմբերից կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը համընդհանուր ներառական կրթության անցմանն առնչվող խնդիրները քննարկելու նպատակով հունիսի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր, հանդիպել մարզային ղեկավարների հետ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ներառական և ոչ ներառական կրթություն իրականացնող դպրոցների տնօրեններ, սոցիալական մանկավարժներ, հոգեբաններ, դպրոցների կառավարման խորհուրդների ներկայացուցիչներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ դեռևս մարտից սկսված նախապատրաստական աշխատանքների հիման վրա արդեն հաստատվել են Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի հատուկ դպրոցների վերակազմավորման կառավարության որոշումները: Նոր ուսումնական տարում հատուկ դպրոցների շուրջ հարյուր սովորողներ կտեղափոխվեն հանրակրթական դպրոցներ՝ ստանալով անհրաժեշտ ծառայություններն ու մասնագիտական աջակցությունը:
Այցի շրջանակում քննարկվել են հանրակրթական դպրոց տեղափոխվելուց հետո հատուկ դպրոցներում սովորողների սոցիալական կարիքները հոգալու, վերակազմակերպվող հաստատությունների աշխատակիցներին աշխատանքով ապահովելու, ստեղծվող ՏՄԱԿ-ը մասնագետներով համալրելու, դպրոցի շենքը և ուսումնանյութական բազան հետագայում արդյունավետ օգտագործելու հետ կապված հարցեր: Առանձնակի կարևորվել են մասնագիտական վերապատրաստումների և համայնքներում իրազեկվածության մակարդակի բարձրացման հարցերը:
Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը այցելել է նաև Գավառի հատուկ դպրոց, ծանոթացել շենքային պայմաններին և այնտեղ սովորող աշակերտների հանրակրթական դպրոցներ տեղափոխելու գործընթացին:
Ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից Գավառի hատուկ դպրոցը կվերակազմավորվի Գեղարքունիքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ)։ Կենտրոնը մանկավարժահոգեբանական աջակցություն կցուցաբերի մարզի ուսումնական հաստատություններին` նպաստելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառմանը։
Կատայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ մարզը ներառական կրթության մեծ փորձառություն ունի. կան մասնագիտական պատրաստված թիմ և բավարար ռեսուրս ունեցող դպրոցներ, որոնք կարող են աջակցել մարզի անցմանը համընդհանուր ներառման:
Կարծիքներ