ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեղադրել է Գազայի վերաբերյալ բանակցությունները ձախողելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պաշտոնական խոսնակ Հազեմ Քասեմը հայտարարել է, որ Գազայի հատվածում հրադադարի հաստատման համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ բանակցությունների ձախողման պատասխանատուն Իսրայելն է:
Այս մասին նա հայտարարել է Al-Araby հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Խոսնակը նաև ընդգծել է, որ Իսրայելը ցանկանում է վերադարձնել իր գերիներին՝ պահպանելով Գազայում ռազմական գործողությունը վերսկսելու հնարավորությունը: Նա պնդել է, որ իսրայելցիները խուսափում են պատերազմը դադարեցնելու և իրենց զորքերը Գազայից ամբողջությամբ դուրս բերելու պարտավորությունները կատարելուց:
Ըստ Քասեմի՝ պաղեստինյան կողմի համար անընդունելի է հրադադարի առաջին փուլի երկարաձգումը Իսրայելի առաջարկած տարբերակով: Նա գտնում է, որ Իսրայելը, խառնելով խաղաքարտերը, փորձում է իրավիճակը վերադարձնել սկզբնակետին:
ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև համաձայնագրի առաջին փուլը պաշտոնապես ավարտվելու է այսօր, մինչդեռ կողմերը դեռ չեն համաձայնեցրել համաձայնագրի երկրորդ փուլի վերջնական պայմանները:
Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը գործում է հունվարի 19-ից: Այն հաստատվել է իսրայելցի պատանդներին պաղեստինցի կալանավորներով փոխանակելու վերաբերյալ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձեռք բերված համաձայնագրի շրջանակներում: Վեց շաբաթվա ընթացքում պաղեստինյան խմբավորումներն ազատ են արձակել ողջ մնացած 30 պատանդների և իսրայելական կողմին են փոխանցել 8 զոհվածների մարմինները։ Փոխարենը Իսրայելն ազատ է արձակել մոտ 1700 պաղեստինցի բանտարկյալների, այդ թվում՝ ահաբեկչության համար ցմահ ազատազրկման դատապարտվածների: Իսկ իսրայելական բանակը լքել է Գազայի հատվածի ներքին շրջանները: Ներկայումս ՀԱՄԱՍ-ի տրամադրության տակ է մնում 59 պատանդ: Պաշտոնական տեղեկություններով՝ նրանց գրեթե կեսն արդեն մահացել է:
Կողմերի միջև համաձայնագրի երաշխավորներն են Կատարը, Եգիպտոսը և ԱՄՆ-ը, որոնք համակարգող կենտրոն են ստեղծել Կահիրեում: Գործարքի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները, որի արդյունքներով ենթադրվում է ամբողջությամբ ավարտել ռազմական գործողությունները, իսրայելական զորքերը դուրս բերել Գազայից և ազատել բոլոր պատանդներին, դեռևս պաշտոնապես չեն սկսվել:
Կարծիքներ