Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնները կօգտվեն զինվորական ծառայության տարկետումից
ՀՀ կառավարության այսօրվա նիստում փոփոխություն է կատարվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման կարգում՝ ընդլայնելով մարզաձևերի ցանկը, որով բարձր նվաճում ունեցող մարզիկներին տրամադրվում է տարկետում:
Համաձայն նոր փոփոխության` տարկետման իրավունքից կօգտվեն նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտ (Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) կա՛մ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBF), կա՛մ Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության (WBO), կա՛մ Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) վարկածներով) մարզաձևի ներկայացուցիչները՝ աշխարհի չեմպիոնի կոչում ունենալու դեպքում:
Նախագիծը մշակել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ հաշվի առնելով, որ աշխարհում շատ են պրոֆեսիոնալ բռնցքամարտ մարզաձևով զբաղվող հայ մարզիկները:
Այսպիսով՝ այս մարզաձևից աշխարհի չեմպիոն դարձած մարզիկները, որոնք Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով ստացել են ՀՀ քաղաքացիություն՝ ՀՀ դրոշի ներքո մարզական միջոցառումներին մասնակցելու համար, կօգտվեն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից:
Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշմամբ սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին տրամադրվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում:
Որոշմամբ սահմանված տարկետման իրավունքից մինչև այս օգտվում էին օլիմպիական մարզաձևերով զբաղվող մարզիկները, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու (բացառությամբ կատաների), սամբո, շախմատ, նավամոդել և բազկամարտ մարզաձևերով զբաղվող մարզիկները: Այժմ անհրաժեշտություն է առաջացել ոչ օլիմպիական մարզաձևերի շարքում ավելացնել նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտ և մարտեր առանց կանոնների մարզաձևերը:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտ մարզաձևում աշխարհի չեմպիոնի կոչումը որոշելու համար անցկացվում են չեմպիոնական մենամարտեր, չի անցկացվում աշխարհի առաջնություն:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտ (Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) կա՛մ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBF), կա՛մ Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության (WBO), կա՛մ Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) վարկածներով) մարզաձևից աշխարհի չեմպիոնի որոշման չեմպիոնական մենամարտի հաղթողի կոչումը համահավասարեցվում է աշխարհի չեմպիոնի կոչմանը:
Կարծիքներ