Ուրախ եմ, որ այսօր միասին նշում ենք հունարեն լեզվի միջազգային օրը. դեսպան Տիգրան Մկրտչյանն ուղերձ է հղել

Ուրախ եմ, որ այսօր միասին նշում ենք հունարեն լեզվի միջազգային օրը. դեսպան Տիգրան Մկրտչյանն ուղերձ է հղել

Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն ուղերձ է հղել հունարենի միջազգային օրվա առթիվ՝ շնորհավորելով եղբայրական հույն ժողովրդին, ինչպես նաև Հունաստանում, Կիպրոսում, Հայաստանում, և ողջ աշխարհում հունարեն լեզուն դասավանդող մասնագետներին, հունարեն լեզվին տիրապետողներին, բարեկամներին ու ընկերներին:

 

«Անգնահատելի են հունարենի քաղաքակրթական ներդրումն ու ավանդը, համաշխարհային պատմական առաքելությունը և դերը: Լինելով աշխարհի հնագույն գրավոր լեզուներից մեկը` հունարենն ունեցել է և շարունակում է ունենալ ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի ազդեցություն աշխարհի գրեթե բոլոր լեզուների վրա: Հայոց այբուբենի ստեղծող Սուրբ Մեսրոպ Մաշտոցն իր գործունեության ընթացքում հիմնվել է հին հունարենի վրա, և դա հասկանալի է, քանի որ հին հունարենով են գրվել անտիկ մշակույթի մեծագույն գլուխգործոցները:

 

Հունականության տարածումը մեծ նշանակությունն է ունեցել նաև Հայաստանի հասարակության զարգացման գործում: Հունարենի տարածումը հանգեցրեց նրան, որ հայ հասարակության մտավորականության բոլոր ժամանակների լավագույն ներկայացուցիչները անպայման պետք է հունարեն իմանային, և առանց հունարենի նրանք չէին կարող շրջանցել գիտության այն բնագավառը, որով զբաղվում էին: Հարկ է հիշել, որ հայոց հին պատմության զգալի մասը մեզ է հասել հենց հույն պատմիչների աշխատությունների շնորհիվ։ Իսկ դեռևս Ք․ա․ 1-ին դարում հայոց մայրաքաղաք Արտաշատի թատրոնում հունարեն լեզվով ներկայացումներ էին բեմադրվում, իսկ հայոց արքան անգամ հեղինակում էր հունարեն ողբերգություններ։

 

Այսօր հունարեն լեզուն գնալով աճող տարածում ունի Հայաստանում` հայ ուսանողներին հնարավորություն ընձեռելով սովորել հունարեն, մոտիկից ճանաչել Հունաստանի մշակույթը և պատմությունը: Ուրախ եմ, որ այսօր միասին նշում ենք հունարեն լեզվի միջազգային օրը, և միևնույն ժամանակ հպարտ, որ Հայաստանն այն երկրների շարքում է, որ իր ուրույն դերակատարությունն ունի այս համաշխարհային հարստության, գանձի տարածման գործում:

 

2022 թ․ ընթացքում մենք մտադիր ենք հունարենից հայերեն թարգմանված և հրատարակված գրքերի ցուցահանդես կազմակերպել Աթենքում, որի ընթացքում հավելյալ հնարավորություններ կունենանք արժևորելու թարգմանչության ոլորտում մինչ օրս կատարված աշխատանքները»,- ասված է դեսպանի ուղերձում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում