ԵԱՀԿ տարածքում անվտանգության մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է մասնակից երկրների արդյունավետ համագործակցությունը. Վահե Գևորգյան

ԵԱՀԿ տարածքում անվտանգության մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է մասնակից երկրների արդյունավետ համագործակցությունը. Վահե Գևորգյան

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հունիսի 28-29-ին տեղի է ունեցել ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան համաժողովը, որին մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։

Անդրադառնալով ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգության մարտահրավերներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, սպառազինությունների վերահսկման ռեժիմի փաստացի և շարունակական խախտումները, զինված հակամարտություններում օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների և վարձկանների օգտագործումը փաստացի հարցականի տակ է դրել ԵԱՀԿ կարողությունը՝ ապահովելու իր պատասխանատվության տարածաշրջանում համապարփակ անվտանգությունը։ Նշվել է, որ Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված զինադադարի շարունակական խախտումները, այս տարվա մարտին Արցախում մարդասիրական ճգնաժամ առաջացնելու Ադրբեջանի քայլերը, ԼՂ հակամարտության կարգավորման նպատակով ստեղծված ԵԱՀԿ ձևաչափերի աշխատանքների խոչընդոտումը վկայում են, որ ԵԱՀԿ տարածքում անվտանգության մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է մասնակից երկրների արդյունավետ համագործակցությունը  և ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների և հանձնառությունների վերահաստատումը։

Աջակցություն հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին՝ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է վերջինիս գործունեությունը՝ ուղղված Արցախի ժողովրդի՝ այդ թվում սեփական ապագան որոշելու իրավունքի իրացման ապահովմանը, որպես ԼՂ հակամարտության կարգավորման առանցքային նպատակ։ Կարևորվել է նաև ԵԱՀԿ ներգրավվածությունը հումանիտար հարցերի, ներառյալ հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման, մշակութային ժառանգության պաշտպանության, բռնի անհետացածների ու անհետ կորածների դեպքերի հասցեագրման գործում։

Համաժողովի շրջանակներում նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր Քարտուղար Հելգա Շմիդի հետ։ Քննարկվեց համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում