Իրանը խոստացել է համաչափ պատասխան տալ պատժամիջոցների վերաբերյալ «եվրաեռյակի» հայտարարությանը
Իրանը համաչափ պատասխան կտա Բեռլինի, Լոնդոնի և Փարիզի հայտարարությանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռների ենթադրյալ վաճառքի պատճառով իր նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մտադրության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
«Եվրոպական երեք երկրների այս քայլը Իրանի ժողովրդի դեմ Արևմուտքի թշնամական քաղաքականության և տնտեսական ահաբեկչության շարունակությունն է, որը կարժանանա Իրանի Իսլամական Հանրապետության կողմից պատշաճ և համաչափ գործողությունների», - Քանանիի խոսքերը մեջբերում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական Telegram ալիքը։
Ավելի վաղ Գերմանիայի ԱԳՆ-ի կայքում հրապարակվել էր Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ հայտարարությունը, որում երեք երկրների կառավարություններն Իրանին սպառնում էին նոր պատժամիջոցներով, ներառյալ օդային հաղորդակցությունների երկկողմ համաձայնագրերի չեղարկմամբ՝ Թեհրանի կողմից Ռուսաստանին բալիստիկ հրթիռների ենթադրյալ մատակարարման պատճառով:
Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչը դատապարտել է «եվրաեռյակի» հայտարարությունը, այդ թվում՝ Iran Air ավիաընկերության դեմ պատժամիջոցներ սահմանելու մտադրության վերաբերյալ, ընդգծելով, որ Թեհրանի կողմից Ռուսաստանի Դաշնությանը բալիստիկ հրթիռներ վաճառելու մասին ցանկացած հաղորդագրություն «բացարձակապես չհիմնավորված և կեղծ է»։
Իր հերթին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X սոցիալական հարթակում հայտնել է, որ Իրանի կողմից «ոչ մի հրթիռ չի ուղարկվել Ռուսաստան», և որ այդ հայտարարությունները «հոգեբանական պատերազմի» ձևերից մեկն են։Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը սեպտեմբերի 11-ին հայտարարել է, որ Ռուսաստանին «որևէ սպառազինություն մատակարարելու մասին» խոսակցությունները ոչ մի հիմք չունեն։
Կարծիքներ